ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների մանկավարժները կստանան հավելավճար

Մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների մանկավարժները, ինչպես նաև հանրապետությունում ԲՏՃՄ (բնագիտական, տնտեսագիտական, ճարտարագիտական և մաթեմատիկական) առարկաներ դասավանդող բոլոր ուսուցիչները՝ բացառությամբ մաթեմատիկական առարկաներ դասավանդողների, կստանան հավելավճար։ Այս մասին ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկած հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների հետ խորհրդակցությանն ասել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։

 

Անդրադառնալով հանրակրթական նոր չափորոշչի ներդրմանը` Սվաջյանը նշել է, որ սեպտեմբերից այն ներդրվելու է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում։ 10-րդ դասարանում նոր չափորոշչի ներդրումը կիրականացվի հաջորդ ուսումնական տարում։

 

Քննարկվել են նաև պարտադիր և կամավոր ատեստավորմանը, ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը, համընդհանուր ներառական կրթության կազմակերպմանն առնչվող հարցեր:

 

Նշվել է, որ առաջիկա սեպտեմբերից ներդրվող ֆինանսավորման նոր մոդելով բոլոր դպրոցներում պարտադիր է լինելու հոգեբանի հաստիքը։

 

Նախարարի տեղակալը պարզաբանումներ է ներկայացրել տնօրենների հավաստագրման գործընթացի, նախադպրոցական համակարգում որակավորման տարակարգի ներդրման, նախադպրոցական կրթության նոր չափորոշչի ներդրման մասին: Նշվել է, որ անցած տարի նախադպրոցական կրթության չափորոշիչը փորձարկվել էր 60 հաստատությունում. այս տարի այն կներդրվի ևս 130-ում:

 

Նշենք, որ 2023-2024 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունների շարքը մեկնարկել է օգոստոսի 21-ին, այն կավարտվի օգոստոսի 29-ին` Երևանում: Հանրակրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ առաջին խորհրդատվությունն անցկացվել է Արագածոտնի մարզում, երկրորդը` Շիրակի մարզում։

Կիսվել սոց․ ցանցերում