Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2023 թվականի լավագույն ռմբարկուն է։
Այս տարի 38-ամյա ֆուտբոլիստը խփել է 53 գոլ։ Ռոնալդուն դեռ կարող է բարելավել իր ցուցանիշը, քանի որ դեկտեմբերի 30-ին «Ալ Նասրը» ևս մեկ խաղ ունի և կմրցի «Ալ Թավունի» հետ։
Օրացուցային տարում խփած գոլերի ցուցանիշով 2-3-րդ տեղերը բաժանում են Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը և Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որոնք խփել են 52-ական գոլ։ Սակայն «Բավարիան» ու ՊՍԺ-ն ավարտել են ելույթները 2023 թվականին։
Ռոնալդուին կարող էր շրջանցել միայն Էրլինգ Հոլանդը, որը խփել է 50 գոլ։ Սակայն նորվեգացի հարձակվողը վնասվածքի պատճառով բաց կթողնի դեկտեմբերի 30-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթի» – «Շեֆիլդ Յունայթեդ» հանդիպումը։
