Պատմական ռեկորդ. 2023-ին Պпւտինի ստորագրած հրամանագրերի կեսը գաղտնի է եղել

2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած յուրաքանչյուր երկրորդ հրամանագիրը գաղտնի է եղել։

Գաղտնի հրամանագրերի տեսակարար կշիռը հասել է 49,5%-ի՝ ըստ Mediazona-ի՝ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքի տվյալների հիման վրա արված հաշվարկի։

Նախագահի հրամանագրերը համարակալվում են հաջորդաբար և հաշվիչը զրոյացվում է յուրաքանչյուր տարվա սկզբին: Այսպիսով, հաշվելով բաց թողնված թվերը՝ կարելի է հասկանալ, թե հրամանագրերից քանիսը չեն հրապարակվել։

2022 թվականին, Ուկրաինայի հետ բախումների ֆոնին, գաղտնի հրամանագրերի մասնաբաժինը աճել է մինչև 45%: Գաղտնի հրամանագրերի նախորդ ռեկորդը սահմանել էր Վլադիմիր Պուտինը 2001 թվականին (47%), երբ չեչենական Երկրորդ պատերազմը եռուն փուլում էր:

Ուկրաինայի հետ հակամարտության երկրորդ տարում Պուտինի կողմից ստորագրված հրամանագրերի ընդհանուր թիվը գրեթե չի փոխվել՝ 2022 թվականին վերջին հրապարակված հրամանագրերը եղել են 996, 2023 թվականին՝ 997 հատ։

Գաղտնի հրամանագրերը կարող են նվիրված լինել տարբեր հարցերի, սակայն, ի թիվս այլ բաների, դրանք օգտագործվում են զինվորականներին պարգևատրելու և գրոհային զորքերում հավաքագրված դատապարտյալներին ներում շնորհելու համար:

ՌԴ նախագահի 2023 թվականի հրապարակված հրամանագրերում նաև զգալիորեն ավելի շատ փաստաթղթեր են եղել զորամասերին (նավերին) «Պահապաններ» պատվավոր անվանումը տալու վերաբերյալ։ Թե ինչն է պատճառը, անհայտ է, քանի որ փաստաթղթերը պարունակում են «զանգվածային հերոսության և քաջության, տոկունության և արիության համար» ստանդարտ ձևակերպումը։

Կիսվել սոց․ ցանցերում