Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խոստովանել է, որ Աբխազիան և Հարավային Օսիան Ռուսաստանին միացնելու գաղափարը կարող է իրականացվել, եթե Արևմուտքը շարունակի սրել իրավիճակը Վրաստանում։
Նման տեսակետ նա հայտնել է aif.ru կայքում հրապարակված իր հոդվածում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեզ 2008 թվականի պատմության կրկնություն պետք չէ: Մենք պատրաստ ենք ՄԱԿ-ի կանոնադրության ոգով լուծել խնդիրները բանակցությունների սեղանի շուրջ: Բայց եթե մեր մտահոգություններն իրական հիմքեր ունենան, մենք չենք վարանի: Աբխազիայում և Հարավային Օսիայում Ռուսաստանին միանալու գաղափարը դեռ ժողովրդականություն է վայելում և այն կարող է կյանքի կոչվել, եթե դրա համար լավ պատճառներ լինեն»,- ասել է քաղաքական գործիչը։
Նրա խոսքով, «Արևմուտքի համար իրադարձությունների այս շրջադարձը կլինի հերթական խայտառակ ֆիասկո և ազդեցության աղետալի կորստի ևս մեկ խորհրդանիշ»:
Մեդվեդևը հավելել է, որ պատմությունը խստորեն պատժում է բոլոր նրանց, ովքեր անտեսում են նրա դասերը։
ՌԴ նախկին նախագահը նշել է՝ Արևմուտքը պետք է իմանա, որ Ռուսաստանը դադարեցրեց հարձակումը Թբիլիսիի վրա 2008 թվականին, երբ նրան հաջողվեց վերացնել անվտանգության սպառնալիքներն ու երաշխիքները։
«Բայց այժմ իրավիճակը կրկին ակտիվորեն սրվում է, ըստ երևույթին, որպեսզի ուկրաինական թեւից բացի մեր սահմանների մոտ լարվածության ևս մեկ օջախ ստեղծվի: Կրկին խոսվում է ՆԱՏՕ-ին՝ Վրաստանի հնարավոր անդամակցության մասին: Ու կրկին այս երկրում, կարծես պատվերով, սկսվել են հակառուսական տրամադրություններ բորբոքել»,- ընդգծել է Մեդվեդևը։
