Մարգարայի անցակետը կապիտալ նորոգումից հետո պատրաստ է շահագործման․ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը հայտարարել է, որ Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի անցակետն ամբողջությամբ կապիտալ նորոգված է և արդեն պատրաստ է շահագործման։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասել է նա։

«Մաքսային տեխնիկական միջոցների, անձնագրային հսկողության, նաև սահմանապահների մասով բոլոր ենթակառուցվածքները պատրաստ են, որպեսզի ուղևորային սպասարկումը պատշաճ իրականացվի»,- ասել է նա։

Հայաստանն ու Թուրքիան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարել են, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել։ Երկու երկրների հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանն ու Թուրքիան նշանակել են հատուկ ներկայացուցիչներ։

2022թ. հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն են ձեռք բերել ապահովել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

Կիսվել սոց․ ցանցերում