Արամուսում տեղի ունեցած միջադեպի գործով մեկ անձ ազատ է արձակվել, մյուսը՝ կալանավորվել․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Հունվարի 11-ի ուշ երեկոյան Արամուս գյուղում գործող հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության և մեկ անձի վնասվածք հասցնելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված 5 անձանցից մեկը ազատվել է արգելանքից, իսկ 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Վերջիններիցս մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը՝ կատարված զենքի գործադրմամբ) և դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Մյուս երեք անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ կատարված խմբի կազմում)։

Միջնորդություն է ներկայացվել դատարան նրանցից մեկի նկատմամբ ևս կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Մյուս երկու մեղադրյալների նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը և նրանք ազատ են արձակվել։

Նախաքննությունը, բնականաբար, շարունակվում է»,- գրել է նա։

Հիշեցնենք՝  ըստ քննչական կոմիտեի՝ հունվարի 11-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» հացատան բակում վիճաբանություն է ծագել շուրջ տասնյակ անձանց միջև։ Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ զուգորդված փոխադարձ հայհոյանքներով, իսկ վիճաբանությանը մասնակից Գլխավոր շտաբի նախկին պետի նախկին տեղակալ  Տիրան Խաչատրյանը, շարունակելով խուլիգանական գործողությունները, իր մոտ եղած հրազենից կրակոց է արձակել և մարմնական վնասվածք պատճառել տեղի բնակչին։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ՝ Տիրան Խաչատրյանը կալանավորվել է։ 

Կիսվել սոց․ ցանցերում