ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստ են Ադրբեջանի հետ աշխատել ցանկացած քարտեզով, որն ունի իրավական հիմնավորվածություն:
«Ասում եք՝ Ադրբեջանը մերժում է հայկական կողմի քարտեզները, Ադրբեջանը թող առաջարկի այլ քարտեզ, որը, սակայն, կունենա իրավական հիմնավորվածություն, որովհետև կարելի է օրինակ բերել մ.թ.ա. 2-րդ դարի քարտեզ. դա լուրջ չէ: Կարելի է բերել 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո եղած քարտեզը, որը ևս լուրջ չէ: Մենք պետք է բերենք քարտեզ, որտեղ ՀՀ-ն և Ադրբեջանը եղել են անկախ պետություններ, կամ եթե ԽՍՀՄ կազմում են եղել, եղել են որոշակի սահմաններ, որոնք իրավական հիմքեր են ունեցել:
Հիմա, եթե, օրինակ, հայտնվի 60 թվականի քարտեզ, որը էլի իրավական հիմք ունի, մենք խնդիր չունենք դրա հետ, բայց քարտեզը պետք է ունենա իրավական հիմք, այսինքն՝ պաշտոնական փաստաթուղթ պետք է լինի, ոչ թե, օրինակ, պատմաբանների կողմից ցանկալի նկարած քարտեզ, այդպես չի կարող լինել: Որևէ կողմից այդպիսի քարտեզի ներկայացնելը բերելու է իրավիճակի էլ ավելի լարման և ապագայի պատերազմի»,- ասաց Պապոյանը:
Պատգամավորը նաև նկատեց՝ ինչո՞ւ, օրինակ, այսօր կամ վաղը չի կնքվում խաղաղության պայմանագիր. «Հենց այդ հարցի պատճառով, որովհետև միանշանակ է ու հստակ, որ առանց քարտեզների ցանկացած լուծում իրավական առումով ունենալու է խնդիր՝ հետագայում առաջացնելով նոր խնդիրներ: Ֆունդամենտալ հարցը քարտեզն է, եթե խաղաղության պայմանագրի հիմքում դրվում է քարտեզը, հարցը հետագայում շատ տեխնիկական է: Դա է պատճառը, որ քարտեզը պետք է դրվի պայմանագրի հիմքում»:
Ըստ Պապոյանի՝ Տավուշի մարզում բազմաթիվ գյուղեր կան, որ գյուղը դասական իմաստով Հայաստանի տարածքում է, բայց 90-ականների պատերազմի արդյունքում, օրինակ, վարելահողերը գրավվել են:
«Ինչո՞ւ մենք դրա մասին չենք խոսում, և այդպես բազմաթիվ դրվագներ ունենք: Խաղաղության պայմանագիրը պետք է նաև ենթադրի, որ այդ հատվածում, որտեղ կանգնած են տեխնիկա, զինվորներ և այլն, իրենք հետ են քաշվում, նույն տեղում գալիս են երկու երկրների սահմանապահներն են կանգնում, որոնք, բնականաբար, բոլորովին այլ զենքերով են զինված: Այնուհետև հերթականությամբ սկսում ենք այդ սահմանազատումը, սահմանագծումը, որը կարող է ենթադրել, որ մի տեղ մենք 100 մետր առաջ ենք գալիս, մյուս տեղում՝ հակառակը, դա պետք է բխի քարտեզից: Եթե քարտեզն ասում է, որ մենք պետք է գնանք 200 մետր առաջ, ուրեմն մենք պետք է գնանք, եթե քարտեզն ասում է, որ այստեղ մենք պետք է 50 մետր հետ գանք, ուրեմն մենք պետք է 50 մետր հետ գանք և այսպես շարունակ»,- նշեց Պապոյանը:
Վերջինս նաև մանրամասնեց՝ հայելային հետ քաշում նշանակում է, որ զորքերը հետ են քաշվում, տեղը գալիս սահմանապահներն են կանգնում. «Օրինակ՝ ՀՀ-ի և Վրաստանի սահմանին զորքե՞ր են կանգնած, չէ, բայց սահման կա, սահմանապահներ կան, սրա մասին է խոսքը»:
