ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում դիմել է տնօրեններին, փոխտնօրեններին և ուսուցիչներին՝ տեղեկացնելով, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնություն:
«Սիրելի տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ,
ամեն ամիս որոշելու ենք տվյալ ամսվա լավագույն տնօրենին, փոխտնօրենին, խմբակավարին, ուսումնական տվյալ բնագավառի լավագույն ուսուցչին՝ նոր չափորոշչի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքի ու այդ մասին պատմող ձեր ուղարկած հայտերի հիման վրա։
Ամեն ամսվա լավագույնը ճանաչված մասնակիցների ցանկը կհրապարակվի, նրանց կատարած աշխատանքն ու փորձը կտարածվի մյուս դպրոցների շրջանում։
Ապա ամեն ամսվա հաղթողները կմասնակցեն տվյալ անվանակարգում տարվա լավագույնը ճանաչվելու մրցույթին, կգնահատվեն հանձնաժողովի կողմից՝ արժանանալով դրամական պարգևների։
Արդեն սկսել ենք հունվար ամսվա համար հայտերի ընդունումը։ Մեկնաբանության մեջ կտեղադրեմ համապատասխան մանրամասներով հղումը»,- գրել է նախարարը։
Հիշեցնենք՝ ԿԳՄՍՆ-ն այսօր հրապարակել էր նոր նախաձեռնության մանրամասներն ու նշել, որ դրա շրջանակում յուրաքանչյուր ամիս 10 անվանակարգերում կընտրվեն հանրակրթության ուսումնական հաստատությունների լավագույն աշխատակիցները:
