ՌԴ Բելգորոդի մարզում կործանված Իլ-76 ինքնաթիռը, որը փոխնակաման համար տեղափոխում էր ուկրաինացի գերիներին, «խոցվել է երեք Patriot կամ IRIS-T հրթիռներով», ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը լիագումար նիստի ժամանակ։
Այս մասին գրում է РБК-ն:
Նրա խոսքով՝ ինքնաթիռում եղել է 65 ռազմագերի, Ուկրաինայի զինված ուժերի նախկին զինծառայողներ։ Դրա հետևից թռչում էր մեկ այլ ինքնաթիռ՝ մոտ 80 գերիներով, սակայն առաջինի կործանումից հետո, երկրորդ օդանավը շրջադարձ է արել։
Կարտապոլովը նշել է, որ Կիևը գիտեր սպասվող փոխանակման և նրա մասին, թե ինչպես էին գերիները նշանակված վայր տեղափոխվելու։
«Իլ-76 ինքնաթիռը խոցվել է կամ Patriot-ից, կա՛մ գերմանական արտադրության IRIS-T զենիթահրթիռային համակարգից, մասնագետները կպարզեն»,- ասել է պատգամավորը։
Ավելի ուշ Կարտապոլովը լրագրողներին պարզաբանել է, որ հունվարի 24-ին պետք է տեղի ունենար գերիների՝ «192-ը 192-ի դիմաց» ձևաչափով փոխանակում։
«Առաջին ինքնաթիռը տեղափոխում էր 65 մարդ, երկրորդը՝ մնացածին», — ասել է նա:
Խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն ասել է, որ Պետդուման Իլ-76-ի կործանման համար դիմելու է ԱՄՆ-ին և Գերմանիային, ինչպես նաև առաջարկել է պարզել, թե ինչ հրթիռներ և արձակումներ են օգտագործվել։
«Եկեք պատրաստենք դիմում ԱՄՆ Կոնգրեսին և Գերմանիայի Բունդեսթագին, որպեսզի պատգամավորները վերջապես տեսնեն, թե ում են ֆինանսավորում»,- ասել է նա։
BBC-ի ուկրաինական ծառայությունը մեկնաբանություններ է խնդրել Ուկրաինայի գլխավոր շտաբից, պաշտպանության նախարարությունից և Ռազմական հետախուզության գլխավոր տնօրինությունից (GUR): Գլխավոր շտաբը պաշտոնապես հայտարարել է, որ իրավիճակի մասին ստույգ տեղեկություն չկա, հանգամանքները պարզվում են։
Հետախուզության գլխավոր վարչությունը հաստատել է, որ գերիների փոխանակումը պետք է տեղի ունենար հունվարի 24-ին։
«Մենք նման տեղեկություն չունենք»,- ասել է BBC-ի ուկրաինական ծառայության աղբյուրը՝ կապված այն լուրերի հետ, որ ինքնաթիռը կարող էր խոցվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։
Իլ-76-ի կործանման լուրից անմիջապես հետո ուկրաինական լրատվամիջոցները, վկայակոչելով Ուկրաինայի զինված ուժերում աղբյուրին, պնդել էին, որ «դա իրենց աշխատանքն է»։
Այս մեջբերումը տվել են «Ուկրաինսկա պրավդա»-ն և «ՌԲԿ Ուկրաինա»-ն։ Աղբյուրի համաձայն՝ կործանված Իլ-76-ը ոչ թե գերիներ էր տեղափոխում, այլ «հավանաբար» հրթիռներ՝ C-300 ՀՕՊ համակարգի համար։
Ավելի ուշ «Ուկրաինսկա պրավդա»-ն խմբագրել է լուրը՝ հեռացնելով ուկրաինացի զինվորականների «աշխատանքի» մասին խոսքերը, իսկ «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալության անանուն զրուցակիցը հայտարարել է, որ իբր ինքնաթիռը խոցվել է թռիչքի ժամանակ։
«Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը դեռ չի կարող հաստատել, որ ինքնաթիռը խոցվել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի կողմից, քանի որ «նրանք դեռ ճշտում են տեղեկությունը»,- գրել է Суспільне-ն։
Հիշեցնենք՝ այսօր Բելգորոդում ռուսական ռազմական ինքնաթիռ էր կործանվելործանվել: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ներսում գերիներ են եղել. զոհվել է 63 մարդ:
