ԵՄ պաշտպանական արդյունաբերությունը պատրաստ չէր Ուկրшինայի հակամшրտությանը. Ժոզեպ Բորել

Եվրամիության երկրների պաշտպանական արդյունաբերությունը պատրաստ չէր Ուկրաինայի կարիքներին, որոնք առաջացել են Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների պատճառով։

Նման կարծիք է հայտնել ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ֆրանսիական L’Obs ամսագրի սյունակում։

«Ուկրաինայում պատերազմը ցույց տվեց, թե որքան հեռու էր այդ արդյունաբերությունը՝ դիմագրավելու մեր առջև ծառացած մարտահրավերներին»,- ասել է նա:

Դիվանագետը նշել է, որ Ուկրաինային ԵՄ ռազմական օգնության մեծ մասը ստացվել է զենքի առկա պաշարներից, իսկ դրանց համալրումը լուրջ մարտահրավեր է ԵՄ անդամ պետությունների ռազմական արդյունաբերության համար, որի կարողությունը «կրճատվել է մինչև խաղաղ ժամանակի ցուցանիշները»։

Բորելն ընդգծել է, որ Ուկրաինային աջակցությունը պետք է ընթանա եվրոպական երկրների «ռազմական արդյունաբերության վերականգնմանը» զուգահեռ։

Բորելի խոսքով՝ եվրոպական երկրների ռազմարդյունաբերական համալիրի կարողությունները վերականգնվում են ոչ բավականաչափ արագ՝ չնայած 2014 թվականից ԵՄ պաշտպանական ծախսերի 40 տոկոս աճին։ ԵՄ-ն, Բորելի կարծիքով, պետք է ակտիվացնի ջանքերը, որպեսզի «շահի» Ռուսաստանի հետ «սպառազինությունների մրցավազքը»։

Ըստ Ժոզեպ Բորելի, ԵՄ պետությունները ՌԴ ռազմական գործողությունների սկզբից ի վեր աննախադեպ օգնություն են ցուցաբերել Ուկրաինային։ Եվրամիությունը, նրա տվյալներով, Կիևին մատակարարել է մոտ 30 միլիարդ եվրո գումարի զենք ու զինամթերք և վերապատրաստել է գրեթե 40 հազար ուկրաինացի զինվորի:

Կիսվել սոց․ ցանցերում