Խնդրի ծագման «աղբյուրը» բացարձակապես ուժային բալանսն է, ոչ թե իրավական «խոցելիությունը»

Քանի որ հիմա «նորաձեւ» են համեմատությունները.
Հայաստանի անկախության հռչակագիրը գնահատել, թե այն հավակնություն է որեւէ պետության տարածքի նկատմամբ, նույնն է, որ ձեր հարեւանը ձեզ մեղադրի մեքենա ունենալու համար, այն «հիմնավորմամբ», որ դուք կարող եք մի օր դրանով վրաերթի ենթարկել իրեն:
Գործնականում իհարկե այդօրինակ հարցերում որեւէ համեմատություն «կաղում» ոչ միայն երկու ոտքով, այլ ոտքով ու գլխով, որովհետեւ խոսքը բավականին բարդ շերտեր, գործոններ, հանգամանքներ, պատմա-քաղաքական հետագծեր, դիվանագիտական նրբություններ, աշխարհաքաղաքական բաղադրիչներ շոշափող հարցի մասին է:
Հայաստանի Անկախության հռչակագրում չկա որեւէ տող, որը դուրս է միջազգային իրավունքի սկզբունքներից եւ հավակնություն է որեւէ այլ պետության տարածքային ամբողջության հանդեպ:
Դրա ամենապարզ վկայությունն այն է, որ Անկախության այդ հռչակագրի հիման վրա ձեւավորված պետականությամբ եւ հետագա օրենսդրական ու սահմանադրական կազմությամբ, Հայաստանը դարձել է միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ, աանցնող երեք տասնամյակի ընթացքում ոչ միայն որեւէ միջազգային կառույց կամ տերություն, այլ նույնիսկ Ադրբեջանը առնվազն հրապարակայնորեն ոչ մի «դիտողություն» չի ունեցել Հայաստանի իրավական «քեյսի» հանդեպ: ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից երեքը՝ ավելի քան երեք տասնամյակ Հայաստանի հետ լիարժեք աշխատել են արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Ըստ այդմ, այսօր խնդրի ծագման «աղբյուրը» բացարձակապես ուժային բալանսն է, ոչ թե իրավական «խոցելիությունը»: Դա նշանակում է, որ պետք է վերացնել «պատճառը», այսինքն ապահովել ուժերի այնպիսի բալանս, որը կցամաքեցնի այդօրինակ «պրետենզիաների» աղբյուրը: Այլապես, այսօր խնդիր տեսնելով հռչակագրի ու Սահմանադրության մեջ, վաղը՝ ուժերի այդ բալանսի պայմաններում, խնդիր են տեսնելու օրինակ սահմանամերձ անտառների մեջ, ասելով, թե դրանցում կարող են թաքնվել հայ ռեւանշիստներ ու սպառնալ, ըստ այդմ պետք է կտրել սահմանամերձ անտառները:
Կիսվել սոց․ ցանցերում