Սկանդալ Ադрբեջшնում. ԵԱՀԿ և ԵԽԽՎ առաքելությունների դիտորդ շվեյցարացի պատգամավորին արգելել են մտնել Բшքпւ

ԵԱՀԿ առաքելությունում սկանդալ է հասունացել: Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայի համար երկրին քննադատող քաղաքական գործչին թույլ չեն տվել մուտք գործել Բաքու:

Շվեյցարիայի «Ավետարանական ժողովրդական կուսակցության» Ազգային խորհրդի անդամ Նիկ Գուգերը Ադրբեջան է գնացել որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ընտրությունների պաշտոնական և հավատարմագրված դիտորդ՝ առաջիկա նախագահական ընտրություններում դիտորդական առաքելության համար: Նրան օրինակիան իրավունք է տրված վերահսկել գալիք նախագահական ընտրությունները և զեկուցել մարդու իրավունքների խախտումների մասին։ Գուգերը դրա փորձն ունի՝ նա արդեն եղել է նմանատիպ առաքելություններով Ռուսաստանում և Մոլդովայում։

Բաքվում վայրէջք կատարելուն պես նրան կանգնեցրել են համազգեստավոր ոստիկանները դիվանագիտական մուտքի մոտ։

Նրանից խլել են անձնագիրն ու մերժել մուտքը Ադրբեջան։ ԵԱՀԿ մյուս դիտորդներին թույլ են տվել առանց խնդիրների անցնել, այդ թվում՝ շվեյցարական ամբողջ պատվիրակությանը:

«Այն փաստը, որ ադրբեջանական վարչակարգը այս կերպ հրաժարվում է դիտորդական առաքելությունից, ներկայացնում է էսկալացիայի նոր մակարդակ»,- լրատվամիջոցներին ասել է Գուգերը։

Ոստիկանությունը Բաքվի օդանավակայանում քաղաքական գործչին պահել է գրեթե երեք ժամ, թեյ հյուրասիրել, ապա նստեցրել Ստամբուլ թռչող ինքնաթիռը։ Նա անձնագիրը ստացել է միայն Թուրքիայում, որտեղից էլ մեկ այլ չվերթով մեկնել է Ցյուրիխ:

Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է միջադեպի մասին տեղեկությունը՝ նշելով, որ հարցը կփորձեն պարզաբանել դիվանագիտական խողովակներով:

Բացի ԼՂ-ում Ադրբեջանի արյունալի գործողությունները քննադատելուց և ԵԱՀԿ դիտորդ լինելուց, Գուգերը նաև ԵԽԽՎ դիտորդ է: Քանի որ անցյալ շաբաթ Բաքվի ռեժիմը հայտարարել էր, որ չի ընդունի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովից (ԵԽԽՎ) դիտորդների, հավանական է, որ այս պատճառով է շվեյցարարացի պատգամավորը հայտնվել Բաքվի սև ցուցակում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ադրբեջանի պատվիրակությանը մեկ տարով հեռացրել է ԵԽԽՎ-ից:

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը, իր հերթին վիրավորական դիք ընդունելով, հայտարարել էր, որ դադարեցնում է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ և լքում Ստրասբուրգի նստաշրջանը՝ ի նշան երկրի նկատմամբ պատժամիջոցի դեմ բողոքի։

Հիշեցնենք՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովն իր լիագումար նիստում խորհուրդ էր տվել չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Որոշումն ընդունվել էր ձայների մեծամասնությամբ:

Կիսվել սոց․ ցանցերում