ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ի թիվս այլ հարցերի քննարկել են Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի կարիքների և իրավունքների ապահովմանն ուղղված ջանքերը։
ԱԳ նախարարը բարձր է գնահատել ԵՄ ներգրավվածությունն ու աջակցությունն այս ուղղությամբ:
«Մեր օրակարգում էին նաև հումանիտար խնդիրները, այդ թվում՝ պահվող անձանց ազատ արձակումն ու վերադարձը, անհայտ կորածների խնդրի լուծումը և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանումը։
ԵՄ գործընկերներին տեղեկացրել եմ նաև, որ առաջնորդվելով մարդասիրական նպատակներով և որպես վստահության ամրապնդման միջոց, Հայաստանը վերջերս Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների հարցումների միջոցով պատրաստել և Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի նոր քարտեզներ։ Հայցել եմ ԵՄ հնարավոր ներգրավվումը այդ քարտեզների ստուգման համար:
Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընգդծել Հայաստանի պատրաստակամությունն էլ ավելի խորացնել Եվրոպական միության հետ գործընկերությունը, որը հիմնված է հավակնոտ օրակարգի վրա` ուղղված մեր քաղաքացիների իղձերի իրականացմանը և ավելի բարգավաճ Հարավային Կովկաս ունենալուն»,- ասել է ԱԳ նախարարը:
