Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան։
Այս մասին այսօր ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի ժամանակ հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Կարծում եմ, որ նրա ներկայությունը ողջունելի կլինի, այս մասին նա հայտնել է անցյալ շաբաթ ԱԳՆ-ին»,- նշել է դեսպանը:
ԵՄ դեսպանի խոսքով՝ Հայաստանի և Եվրամիության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի՝ ՍԵՊԱ-ի նոր օրակարգի ուղղությամբ արդեն իսկ առկա են որոշակի արդյունքներ, մասնավորապես՝ անվտանգության ուղղությամբ համագործակցության մասով․ «Հիմա մենք պլանավորում ենք միասնական հարթակի հաջորդ հանդիպումը՝ ՍԵՊԱ-ի ներքո, մարտի 14-ին։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր հանդիպում է, և մենք շատ գոհունակ կլինենք ողջունելու այստեղ Բրյուսելի մեր գործընկերներին, նրանք էլ մեծապես հետաքրքրված են այս նոր օրակարգի ձևակերպմանն իրենց մասնակցությունն ունենալ»։
Ըստ նրա՝ նոր օրակարգը մեծապես վերաբերում է ՍԵՊԱ համաձայնագրի ներուժը հետազոտելուն և օգտագործելուն․ «Կարևոր փաստաթուղթ է, որի իրականացման ճանապարհին ենք, բայց իրականում մենք կարող ենք միասնաբար ավելի լավ արդյունքներ ունենալ, ոչ որևէ այլ պատճառով, այլ որպեսզի կարողանանք հայ ժողովրդին և այստեղ բիզնեսին հնարավորություն տալ՝ ունենալու ավելի լավ կյանք, որը հիմնված է արժեքների և հարգանքի վրա, տարածքային ամբողջականության, ինքնավարության և տարածքային զարգացման նպատակների վրա։ Սա մեր միասնական նպատակն է, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։
