Ռուս հասարակական գործիչ, ՅՈւԿՕՍ-ի նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին չի կասկածում, որ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին սպանվել է:
Վերջինս խոսել է նաև Պուտինի համար ընդդիմադիր գործչի հուղարկավորության վտանգների մասին:
«Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչով կավարտվի այդ հուղարկավորությունը․ միգուցե այն ավարտվի նույնքան հանգիստ ու խաղաղ, որքան Պրիգոժինի հուղարկավորությունը, բայց կարող են լինել հսկայական բախումներ»,- Current Time-ին տված հարցազրույցում ասել է Խոդորկովսկին:
Նա նշել է նաև, որ Ռուսաստանի գաղութներում և բանտերում Պուտինի քաղաքական հակառակորդների պահման պայմանները վերջին տարիներին կտրուկ խստացել են՝ համեմատած այն ժամանակների հետ, երբ ինքն էր կրում իր պատիժը «ՅՈՒԿՕՍ»-ի գործով։
«Պուտինյան ռեժիմն է մեզ մղում հեղափոխության, այսինքն՝ այս ամենը մեզանից կախված չէ։ Ինչքան ուժեղ է կիրառում ուժային մեթոդները, ինչքան կոշտ է նա հաշվեհարդար տեսնում ընդդիմադիրների հետ, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որը ընդդիմությունը դառնա արմատական»,- նշել է Խոդորկովսկին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ուղղիչ գաղութում մահացել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին:
Քննիչները Ալեքսեյ Նավալնիի փաստաբաններին և մորն ասել են, որ չեն հանձնի դիակը. ևս 14 օր «քիմիական փորձաքննություն» կիրականացվի:
Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ թույլ տալու տեսնել որդուն։ Ապա ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մորը՝ Լյուդմիլա Նավալնային, ցույց են տվել որդու մարմինը։
Նրա խոսքով՝ իշխանությունները պայմաններ են դրել, թե որտեղ, երբ և ինչպես պետք է հուղարկավորվի Նավալնին։
