Ներկայումս պարեկային ծшռшյության շարքերում 100-ից ավելի կին կա․ ծшռшյության պետ

Պարեկային ծառայողների հոգեբանական պատրաստվածության և կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացների վերլուծությունների վերաբերյալ տեղեկատվությամբ է կիսվել «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի «Ոստիկանության բարեփոխումներ» բաղադրիչի ղեկավար Դավիթ Հարությունյանը։ Կարևորելով հոգեբանական կարողությունների զարգացման առաջնայնությունը՝ նա անդրադարձել է նաև երկօրյա դասընթացների արդյունավետության, տարբեր իրավիճակներում ծառայողների սթրեսակայունության ձևավորման մեթոդներին։

Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Նարինե Հակոբյանը խոսել է ծառայությունում անցած ուղու, հանդիպած դժվարությունների և հաջողության հասնելու սկզբունքների մասին։

Խոսելով ծառայությունում հանդիպող խնդիրների մասին՝ Նարինե Հակոբյանը նշել է դրանց լուծումների, ինքնակրթությամբ մասնագիտական առաջընթաց ապահովելու մասին։

 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանն իր ելույթում խոսել է ուժային կառույցներում կանանց ներկայացվածության պակասի պատճառների և հանդիպող խնդիրների մասին։

Ներկայացնելով ոստիկանությունում կանանց դերը որոշումներ կայացնելու գործում ՝ ԵԱՀԿ փորձագետ Սուսաննա Նալթակյանը ներկայացրել է միջազգային լավագույն փորձը և արդի մարտահրավերները։ Նա անդրադարձել է նաև կանանց և տղամարդկանց գենդերային կարիքներին, խոցելիությանն ու փորձառությանը։

«Ոստիկան կանանց ցանց» ասոցիացիայի նախագահ, միջազգային փորձագետ Քրիստինա Յոժիչն իր ելույթում անդրադարձել է Բոսնիա և Հերցեգովինայում ոստիկանական համակարգում կանանց ցածր ներկայացվածությանը։ «Մեր հասարակությունում, որտեղ 50 տոկոսից ավելի կանայք են, կանանց ցածր ներկայացվածության պատճառով տղամարդիկ են որոշում անվտանգության հետ կապված հարցերը, երեխաների և մայրերի հարցերը՝ առանց հաշվի առնելու կանանց մոտեցումները։ Բայց պետք է նշեմ, որ հասարակության անվտանգության կարիքները տարբեր են, և պարտադիր կանայք պետք է ներգրավված լինեն հայելային կերպով արտացոլելով այն»,-նշել է նա:

Համաժողովի ավարտին ծառայության հանդեպ ցուցաբերած բարձր պատասխանատվության, հասարակական կարգի պահպանության, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարի գործում ներդրած ջանքերի, անձնական օրինակով կին ոստիկանի հանդեպ կարծրատիպերը կոտրելու համար ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը և ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը մի խումբ ծառայողների պարգևատրել են շնորհակալագրերով։

Կիսվել սոց․ ցանցերում