Այսօր՝ փետրվարի 24-ին, «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով միջազգային կլոր սեղանի ընթացքում ռուս փորձագետ Դմիտրի Սուսլովը Ռուսաստան Հայաստան փոխհարաբերությունները դիտարկել է Ռուսաստանի և Արևմուտքի գոյաբանական հակամարտության տեսանկյունից։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ երկրներն այժմ գտնվում են և գտնվելու են շատ բարդ վիճակում, քանի որ անգամ ոչ թե Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունը, այլ ակտիվ և բացահայտ հակամարտությունը, հիբրիդային պատերազմը կշարունակվեն նույնիսկ այն բանից հետո, երբ այս կամ այն կերպ դադարեցվի պատերազմն Ուկրաինայում։
«Եվ այդ ամբողջ ժամանակ Արևմուտքը ՀԱՊԿ երկրների, ներառյալ Հայաստանի վրա կգործադրի մեծ ճնշում և կփորձի օգտագործել նրանց Ռուսաստանի դեմ պայքարում»,- կարծում է Սուսլովը։
Ռուս փորձագետի կանխատեսումներով՝ պատերազմն Ուկրաինայում կտևի բավական երկար և չի ավարտվի խաղաղության պայմանագրով ու վերջնական քաղաքական և տարածքային կարգավորմամբ։
Ռուս փորձագետի խոսքով՝ արդեն այժմ ՀԱՊԿ երկրների վրա ճնշումը և նրանց հետ «խաղեր տալը» ուժեղանում են, և դա կուժեղանա էլ ավելի Ուկրաինայի պարտվելուն զուգընթաց և, առավել ևս, կուժեղանա Ուկրաինայում հրադադարից հետո, ոչ թե վերջնական կարգավորումից, այլ հրադադարից հետո։
Սուսլովի խոսքով՝ ՀԱՊԿ երեք անդամներ՝ Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, պահպանում են ստատուս քվոն, լիովին չեն անցնում Ռուսաստանի կողմը և չեն անցնում Արևմուտքի կողմը Ռուսաստանի դեմ։
ՀԱՊԿ չորրորդ երկիրը՝ Բելառուսը, ստիպված էր մեկուսանալ Արևմուտքից՝ հանգամանքների բերումով։
Իսկ ահա ՀԱՊԿ հինգերորդ երկիրը՝ Հայաստանը, Սուսլովի խոսքով, «ցավոք, հանձին իր ներկա ղեկավարության, շարժվում է ուղիղ հակառակ ուղղությամբ, և ռուսական տեսակետից… անցնում է հակառակոդի կողմը Ռուսաստանի և Արևմուտքի գոյաբանական հակամարտության պայմաններում, երբ Արևմուտքը հռչակում է Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու նպատակ, անգամ չնայած այն բանին, որ պրակտիկան ցույց է տվել այդ ռազմավարական պարտության անհնարինությունը այն պայմաններում, երբ Արևմուտքը նախկինի պես հնարավոր չի համարում Ռուսաստանի հետ լուրջ երկխոսությունը և խաղաղ կարգավորումը Ռուսաստանի համար ընդունելի պայմաններով»։
Ռուսաստանը չի ցանկանում փչացնել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց կարող է սկսել Հայաստանին դիտարկել որպես Արևմուտքի հակառուսական պլացդարմ։
«Հայաստանի ներկայիս քաղաքականությունը շարունակելու արդյունքը կլինի այն, որ նրա դեմ ուժի զանգվածային կիրառում կլինի այլ կողմից, օրինակ՝ Թուրքիայի, որն արդեն նրա հետ կռվել է Լեռնային Ղարաբաղում»,- ասել է նա Երևանում կայացած համաժողովում։
Նրա խոսքով, քանի որ Հայաստանում անվտանգության վիճակը վատանում է, հայ հասարակությունը ստիպված կլինի եզրակացություններ անել և ներքին ընթացակարգերի արդյունքում փոխել արտաքին քաղաքականությունը։
