«Որքան հասկացա, վարչական տուգանքներ պետք է նաև կիրառվեն կողային լուսաթափանցելության սարքերի արձանագրած տույժերի դեպքում: Եթե տեղյակ եք, երեկ հաշվեքննիչ պալատն ու բյուջետային հանձնաժողովը քննարկում էր հաշվեքննիչ եզրակացությունը ներքին գործերի նախարարությունում: Արձանագրվել էր, որ կողային լուսաթափանցելությունը ստուգող սարքերի գնման հետ կապված կան որոշակի ստանդարտներին չհամապատասխանող խնդիրներ»:
Այս մասին Ազգային ժողովում դիտարկում արեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ հարց ուղղելով ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանին, թե որքա՞նով է ճիշտ համարում այս դեպքում կիրառել վարչական տույժ՝ 2 միավոր բալային համակարգից հանելով:
«Կարծում եմ՝ տեխնիկական ապահովվածության ստանդարտները պետք է համապատասխան լինեն, որպեսզի վարչական ակտերն էլ անվավեր չճանաչվեն: Կխնդրեի նաև պատասխանել՝ կա՞ վիճակագրություն, թե որքան ակտեր են անվավեր ճանաչվել և ինչ վնասներ է կրել նախարարությունը»,-հարցը լրացրեց Մանավազյանը:
Ի պատասխան՝ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ հաշվեքննիչ պալատի կողմից չի արձանագրվել այն, որ սարքերով հնարավոր չէ իրականացնել պրոցեսներ, եղել են ընթացակարգային խնդիրներ, որոնք չեն առնչվում ոստիկանների գործողությունների իրականացմանը:
Ակտերի մասով էլ վերջինս նշեց, որ կան ակտեր, որոնք բեկանվել են, կան, որ դեռևս ընթացքի մեջ են, չկան ակտեր օրենսդրությամբ սահմանված կարգի խախտման հետ կապված:
Հիշեցնենք՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը երեկ ԱԺ-ում հայտնել էր, որ ավտոմեքենաների կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարվա ընթացքում երկու անգամ խախտելու համար վարորդը երկու տուգանային բալ կստանա։
