Չնայած շարունակ հնչող հայտարարություններին՝ Հայաստանը կոնկրետ իրավական քայլեր չի ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) անդամակցությունը կասեցնելու համար:
Այս մասին հայտարարել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն, հայտնում է «NUR»-ը:
«Մենք դե ֆակտո տեսնում ենք Հայաստանի հայտարարությունը ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը կասեցնելու մասին։ Որքան գիտեմ, Հայաստանը որևէ իրավական քայլ չի ձեռնարկել ՀԱՊԿ-ին անդամակցությունը կասեցնելու համար։ Այսինքն՝ Հայաստանը դե յուրե չի դադարեցնում իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին»,- Սենատի շրջանակներում ասել է Վասիլենկոն։
Ինչպես պարզաբանել է փոխարտգործնախարարը, կազմակերպությունը կշարունակի գոյություն ունենալ նույնիսկ երկրներից մեկի հեռանալուց հետո։
Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ-ը կարևոր դեր է խաղում Ղազախստանի անվտանգության համար։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները դե ֆակտո Հայաստանը սառեցրել է, քանի որ հարց են տվել ՀԱՊԿ-ին և մինչև այսօր այդ հարցի պատասխանը չեն ստացել:
«Արդեն մեկ տարի մենք ՀԱՊԿ-ում չունենք մշտական ներկայացուցիչ։ ՀԱՊԿ միջոցառումներին բարձր մակարդակով տևական ժամանակ չենք մասնակցում։ ՀԱՊԿ-ում գործում է կոնսենսուսի սկզբունքը՝ որոշումների կայացման համար, բայց մենք դրան չենք մասնակցում մի պարզ պատճառով, որովհետև չունենք այն հարցի պատասխանը, թե ինչու պետք է մասնակցենք: ՀԱՊԿ-ը, ի հեճուկս սեփական պարտավորությունների, որ պետք է ապահովեր ՀՀ անվտանգության նկատմամբ համարժեք դիրքորոշում և պատասխան, անում է ուղիղ հակառակը։ Հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք, և եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք, բա ուրիշ ի՞նչ պետք է անենք»,- ասել էր նա:
