Եվրամիությունն ունի անհրաժեշտ գործիքակազմ, որպեսզի Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառի առանց քսանյոթ անդամ երկրի միաձայն համաձայնության։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին նշել է Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը։
Բացառիկ հարցազրույցում դեսպանն անդրադարձել է Հայաստան-ԵՄ, Հայաստան -Բելգիա հարաբերություններին, ԵՄ կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման մեխանիզմներին, վերջինի ագրեսիվ գործողությունների անհետեւանք մնալուն։
Հայաստան-ԵՄ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, դեսպան Բալայանը, սակայն, դեռ բավարարված չէ։ Ըստ դեսպանի, որոշ ոլորտներում՝ հատկապես մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը պետք է վայրկյան առաջ մեկնարկի։
Երկու շաբաթ առաջ տեղի ունեցած ԵՄ-ՀՀ գործընկերության խորհրդի հինգերորդ նիստի ավարտին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ՀՀ հետ հարաբերություններն իրենց ամենաբարձր և ակտիվ մակարդակում են, քան երբեւէ։ Ինչպե՞ս եք դեսպանը գնահատում երկկողմ հարաբերությունները, դրանք զարգացնելու ի՞նչ հնարավորություններ է տեսնում՝ հարցին, Բալայանը պատասխանել է.
«Կարծում եմ՝ մեր արտգործնախարարը (Արարատ Միրզոյան- խմբ.) պարոն Բորելի հետ ասուլիսի ժամանակ այդ հարաբերություններին տվեց նաև Հայաստանի գնահատականը: Այո, մենք տեսնում ենք ԵՄ հետ հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա, որն առաջին հերթին օգնում է ամրապնդել Հայաստանը՝ բոլոր հնարավոր ոլորտներում՝ քաղաքական, ժողովրդավարական հաստատությունները, Հայաստանի տնտեսությունն ու ժողովրդավարությունը, անվտանգությունը եւ այլն։ Խոսելով անվտանգության մասին, պետք է շեշտել ԵՄ առաքելության առկայությունը հայ-ադրբեջանական սահմանին, հայկական կողմում, որը թույլ է տալիս Բրյուսելին առաջին ձեռքից տեղեկություն ունենալ, թե ինչ է կատարվում այնտեղ, ով է սրում իրավիճակը եւ, կարծում եմ, վերջին շրջանում եվրոպական կողմի միանշանակ եւ հստակ հայտարարությունները սրա արդյունքն են։ Իհարկե, լավ է ասել, որ մեր հարաբերությունները հրաշալի են ընթանում եւ այլն, բայց մյուս կողմից ես բավարարված չեմ, որովհետեւ տեսնում եմ, որ կան հստակ քայլեր, որոնք կարող են, սակայն դեռեւս չեն կատարվել։ Օրինակ, դրանցից մեկը մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսության մեկնարկն է, որին արդեն մի քանի տարի է՝ սպասում ենք եւ ակնհայտ է, որ տեղ կա առաջ գնալու։
Մենք նաեւ կարիք ունենք բարելավելու մեր տնտեսությունը ոչ միայն մեր արտադրանքի որակի բարձրացման առումով, այլեւ պետական համակարգում բարեփոխումներ իրականացնելու, մասնագետներին համապատասխան կրթություն տալու եւ բոլոր նմանատիպ ոլորտներում։
Ես կարող եմ իմ գերատեսչության օրինակը բերել։ Դիվանագիտական դպրոցը, որը տասնհինգ տարի առաջ հիմնադրվեց ԵՄ գործուն աջակցությամբ եւ օժանդակությամբ, այսօր ապահովում է ոչ միայն ԱԳՆ-ին, այլեւ պետական այլ կառույցներին բավական որակյալ կադրերով»։
Անդրադառնալով այն հարցին՝ եթե հարաբերություններն ամենաբարձր մակարդակում են, ինչպես ԵՄ բարձր ներկայացուցիչն է նշում, ապա ինչո՞ւ ԵՄ-ն գործնական քայլեր չի ձեռնարկում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. մասնավորապես խոսքը պատժամիջոցների մասին է, դեսպանը ասել է.
«Առաջիկա շաբաթներին հնարավորություն կունենանք տեսնել Հայաստանին աջակցելու տեսանկյունից բավական հնչեղ գործնական քայլեր։ Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, այստեղ, այո, տեսնում ենք որոշակի դժկամություն՝ ընկալելու այն վտանգները, որ իրենից ներկայացնում է Ալիեւի (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև-խմբ.) ռեժիմը, որը հաջողությամբ իրականացրեց էթնիկ զտում՝ չունենալով որեւէ ակնառու հետեւանք, եւ սա իրագործեց 21-րդ դարում Եվրոպայի խորհրդի անդամ երկիրը, որի խորհրդարանական պատվիրակության լիազորություններն ամեն դեպքում դադարեցվեցին։
Մենք տեսնում ենք, որ եվրոպացի մեր գործընկերները, որոշ անդամ երկրներ պարզապես բարի կամքի դրսեւորումից, իրենց մտայնությունից, որ դեռեւս հնարավոր է փրկել իրավիճակը, մտածում են, որ Ալիեւը շարժվում է կամ ունի նույն մտածելակերպը, ինչ միջին եվրոպական երկրի ղեկավարը։ Բայց ցավոք, բռնապետների մտածելակերպը, այսպես կոչված 92% քվե ստացող բռնապետների մտածելակերպն այն ռացիոնալությունը չի պարունակում, ինչ մենք ենք հասկանում, ինչպես Լոնդոնում, Բրյուսելում կամ Վաշինգտոնում են դա ընկալում, եւ այս իրավիճակն է բերում նոր վտանգների։ Կարծում եմ՝ խաղաղության առումով ԵՄ առաքելությունն, արդեն հստակ է, պետք է լինի սահմանափակելու Ալիեւի ռեժիմի միջոցները՝ Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիան եւ արկածախնդրությունը կանխելու համար։
Վարչապետը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան-խմբ.) եւս France 24-ին տված հարցազրույցում ասաց, ես էլ կրկնում եմ, որ ակնհայտ է՝ Ալիեւը խաղաղություն կնքելու որեւէ հետաքրքրություն չունի, որովհետեւ իր ռեժիմի գոյության իմաստը մշտական բռնությունն է իր իսկ ժողովրդի դեմ, Հայաստանի դեմ։ Մեզնից կանցնի Վրաստանին, գուցե Իրանին։
Պատժամիջոցների մասով, կարծում եմ, ԵՄ-ն շատ լավ գործիքակազմ ունի, որը նույնիսկ անդամ երկրների միասնականության անհրաժեշտությունը չունի, որպեսզի արդեն սկսի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել՝ ոչ միայն իր ագրեսիվ գործողությունների համար, այլ զուտ մարդու իրավունքների առումով, որոնք Ադրբեջանում ասել, որ խայտառակ վիճակում է, նույնն է, ինչ ոչինչ չասել։ Երբ ԵԽԽՎ որոշումն ենք ընթերցում, այնտեղ հստակ ձեւակերպված է, թե ինչու կասեցվեցին պատվիրակության լիազորությունները»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:
