Ասիայի ամենահարուստ ընտանիքի ժառանգի նախահարսանեկան խնջույքը տևել է 3 օր. դրան ներկա են եղել Ցпւկերբերգը, Գեյթսը, Թրամփի դուստրն ու Ռիհանան (լուսանկարներ)

Ասիայի ամենահարուստ մարդը՝ Մուկեշ Ամբանին, որդու՝ Անանտ Ամբանիի և նրա հարսնացուի՝ Ռադհիկա Մերչանտի համար նախահարսանեկան ճոխ խնջույք է կազմակերպել, որը տևել է երեք օր:

Այս մասին գրում է businessinsider.com-ը՝ մանրամասնելով, որ միջոցառմանը ներկա են եղել ամբողջ աշխարհից հարուստ և ազդեցիկ հյուրեր, այդ թվում՝ Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն ու կինը՝ Փրիսցիլա Չանը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը: Ընդհանուր առմամբ հրավիրված է եղել 1,200  հյուր, որոնց համար ելույթ է ունեցել երգչուհի Ռիհանան: Աստղին, ըստ աղբյուրների, ելույթի համար վճարվել է 6-9 մլն դոլար:

Մինչդեռ բուն հարսանիքը կայանալու է հուլիսին և լինելու է էլ ավելի ճոխ ու տպավորիչ:

Ինչպես ավելի վաղ գրել էր Tert.am-ը, Մուկեշ Ամբանին, հնդկական ավանդույթի համաձայն, որդու հարսանիքից առաջ, հյուրասիրություն է կազմակերպել հայրենի բնակավայրի բնակիչների համար:

Չորեքշաբթի երեկոյան Ամբանին և կինը՝ Նիտան, իրենց որդու՝ Անանտի և նրա հարսնացու Ռադհիկայի հետ, եռօրյա խնջույք են կազմակերպել գյուղացիների համար հայրենի Ջամնագար բնակավայրում՝ Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգում:

Փեսացուն՝ 28-ամյա Անանտը, որը նաև տնօրեն է ծառայում Reliance-ին պատկանող մի քանի ընկերությունների խորհուրդներում, կամուսնանա միլիարդատեր Շրի Վիրեն Մերչանտի 29-ամյա դստեր հետ:

Ըստ Forbes-ի Մուկեշ Ամբանին ոչ միայն Հնդկաստանի, այլև Ասիայի ամենահարուստ մարդն է. նրա կարողությունը գնահատվում է 114 մլրդ դոլար: Ամբանին իր դստեր համար 2018 թվականին անցկացրել էր ամենաթանկ հարսանիքը Հնդկաստանում, որը, ըստ տեղեկությունների, արժեցել է 100 միլիոն դոլար:


Կիսվել սոց․ ցանցերում