«Տիգրան Ավինյանը միացավ հակաեկեղեցական արշավին» վերնագրով տեղեկատվությունը, որում տարածված կարծիքը առանց իսկությունը ճշտելու կիսում են նաև առանձին անձինք, չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ շարունակելով.
««ԻՊՀ» հայկական լեգեոնի կորպուս-համաքրիստոնյա պաշտպանողական կամավորական միություն» ՀԿ-ի նախագահ», «Վարդանանք» ազգային շարժման համակարգող Թոնի Դովլաթյանի կողմից ս.թ. փետրվարի 27-ին ներկայացվել է իրազեկում՝ ս.թ. մարտի 8-27-ն Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում շուրջօրյա հավաքներ անցկացնելու մասին:
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 28.02.2024 թվականի որոշմամբ արգելվել է ««ԻՊՀ» հայկական լեգեոնի կորպուս-համաքրիստոնյա պաշտպանողական կամավորական միություն» ՀԿ-ի նախագահ, «Վարդանանք» ազգային շարժման համակարգող Թոնի Դովլաթյանի կողմից 2024 թվականի մարտի 8-27-ն Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում շուրջօրյա հավաքների անցկացումը:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ, համաձայն «Հավաքների ազատության մասին» օրենքի 15-րդ հոդվածի, հանրային հավաք անցկացնելու մասին իրազեկումները՝ մուտքագրվելու պահից 3 ժամվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը, տեղադրվում են լիազոր մարմնի համացանցային կայքէջում»:
