Շվեդիան այսօրվանից ՆԱՏՕ-ի անդամ է. երբ կբարձրացվի երկրի դրոշը Բրյուսելում

Շվեդիան պաշտոնապես միացել է ՆԱՏՕ-ին և պաշտոնապես դարձել 32-րդ անդամը: Համապատասխան արձանագրությունը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում։

«Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2024 թվականի մարտի 7-ին»,- ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը և արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը Վաշինգտոնում վավերացման փաստաթղթերը հանձնել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին, որից հետո ավարտվել է վերջին երկու տարիներին ընթացող գործընթացը։

«Լավ բաները գալիս են նրանց, ովքեր սպասում են»,- ասել է Բլինկենը փաստաթղթերն ընդունելիս:

Սպասվում է, որ արդեն երկուշաբթի օրը Շվեդիայի դրոշը կբարձրացվի դաշինքի շտաբ-բնակարանում՝ Բրյուսելում։

«Սա պատմական օր է. Շվեդիան այժմ իր արժանի տեղը կզբաղեցնի ՆԱՏՕ-ի բանակցությունների սեղանի շուրջ՝ ունենալով հավասար իրավունք դաշինքի քաղաքականության և որոշումների ձևավորման գործում»,- ասված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հայտարարության մեջ:

Նշենք, որ Շվեդիան Ֆինլանդիայի հետ միասին, որը միացավ ՆԱՏՕ-ին անցած ապրիլին, որոշեց հրաժարվել չեզոքությունից և միանալ դաշինքին՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման:

Երկու երկրներն էլ միաժամանակ էին անդամակցության հայտ ներկայացրել, սակայն Շվեդիայի անդամակցությունը հետաձգվել էր Թուրքիայի և Հունգարիայի դիրքորոշման պատճառով։

Հունգարիայի խորհրդարանը փետրվարի 26-ին էր միայն հավանություն տվել Շվեդիայի անդամակցությանը, իսկ երկրի նոր նախագահը փաստաթուղթը ստորագրել էր այս շաբաթ:

Թուրքիան կանաչ լույս էր վառել հունվարի վերջին։

Կիսվել սոց․ ցանցերում