Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանն այսօր ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ՝ Նիդերլանդների Թագավորության երկարաժամկետ «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում քրեական համակարգի ռազմավարության իրականացմանը» (ASPIRA) ծրագրի անկախ գնահատողներ Իվոն Սթանսենին և Արյան Շութհովին:
Ծառայության պետը, ողջունելով միջազգային գործընկերներին, շնորհակալություն է հայտնել վերջիններիս՝ ընդգծելով մի շարք ուղղություններով համագործակցության կարևորությունը և միևնույն ժամանակ բարձր գնահատելով հոլանդական փորձը քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում:
Արամ Նիկոյանն անդրադարձել է ինչպես պրոբացիայի ոլորտում տնային կալանքի կիրառմանը, վարչական հսկողությանը, հաշտարության մեխանիզմներին, վերականգնողական և վերասոցիալականացման գործընթացներին, այնպես էլ այս ոլորտում անվտանգային, ինչպես նաև առկա օրենսդրական հարցերին:
