Հուդայածառ (Церцис) Էկոլոգիական առանձնահատկությունները

Բնական արեալն ընդգրկում է Միջերկրական ծովի ափամերձ տարածքները,Ղրիմի հատվածը,Հյուսիսային եւ Հարավային Կովկասը։
Արտակարգ չորադիմացկուն է, շոգադիմացկուն, չի սիրում ավելորդ խոնավություն, լուսասեր է, դիմանում է ժամանակավոր երաշտին, կարողանում է աճել քարքարոտ, սակավահզոր հողերում, հարմարված է նաեւ քարքարոտ լեռնալանջերին, շատ լավ աճում է արեւի տակ, չի տանում ճահճային հողեր։ Չորս-հինգ տարեկան հասակում ունենում է 1,5 մ բարձրություն, հասուն սաղարթի տրամագիծը մինչեւ 15 մետր է։ Հուդայածառը ջերմասեր է, սակայն դիմանում է ձմեռվա ցուրտ ջերմաստիճաններին։ Ծաղկում է շատ առատ, մայիսի սկզբին՝ մինչեւ տերեւների բացվելը։ Բավականին դիմացկուն է վնասատուների եւ հիվանդությունների նկատմամբ, առաջացնում է հզոր արմատային համակարգ։ Արագ է աճում հատկապես առաջին 5-6 տարիներին։
Հուդայածառը պահանջում է մինիմալ խնամք, չունի հաճախակի պարարտացման կարիք, առանց պարարտացման դիմանում է որոշ ժամանակ։ Ունենալով բավականին լայն սաղարթ, կլորավուն, մեծ տերեւներ՝ բնականաբար ձեւավորում է տերեւային մեծ մակերես, որը գերազանցում է քաղաքում այժմ գոյություն ունեցող բազմաթիվ ծառերին։ Ուստի, մի քանի անգամ ավել է ֆոտոսինթեզի ինտենսիվությունը եւ բնականաբար՝ թթվածնի արտանետումը։ Հուդայածառի տերեւները մթնոլորտ են արտանետում ֆիտոնցիդներ, որոնք ունեն միջատասպան հատկություններ։ Այս ամենը հուդայածառին այլ տեսակների նկատմամբ տալիս է առավելություններ։ Ամենուրեք լայնորեն օգտագործվում է կանաչապատման մեջ, իրեն արտակարգ դրսեւորել է Երեւանում, արժանի է լայնորեն կիրառման՝ հատկապես կլիմայի տաքացման ներքո։
Կիսվել սոց․ ցանցերում