Ես երբեք որևէ մեկին չեմ ձգտել նմանվել, ամեն մարդ իր նպատակն ունի. Եվրոպայի մեծահասակների չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյան

Սեպտեմբերին՝ երիտասարդների աշխարհի առաջնություն, հոկտեմբերին՝ երիտասարդների Եվրոպայի, դեկտեմբերին՝ մեծահասակների աշխարհի առաջնություն։ Փաստորեն, շնչելու ժամանակ չկա։

Եվրոպայի մեծահասակների չեմպիոն 19-ամյա գյումրեցի ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանն առաջիկա պատասխանատու անելիքներն է թվարկում։

Փետրվարի 13-ի հաղթանակի ոգևորությունը դեռ չի մարել, սակայն նա ավելին անելու և նոր նվաճումների հետևից գնալու ճամփին է կանգնել:

«Նպատակս օլիմպիական խաղերը, մեդալն ու չեմպիոնությունն է։ Ես միշտ առաջ եմ քայլելու դեպի հաղթանակը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է աղջիկը:

Մեծահասակների աշխարհի առաջնության չեմպիոնական աստիճանին հպարտությամբ է կանգնել, իսկ երբ հնչել է Հայաստանի օրհներգը, հպարտությունը կրկնապատկվել, հուզմունքը գագաթնակետին է հասել, ոտքի տակ հենարանը՝ առավել ամուր զգացել։

Մեզ հետ զրույցում նա անկեղծանում է՝ ուժեղ է, գիտեր, որ կարողանալու է։

«Սպասված էր, որովհետև պարապմունքներին ինչ-որ բարձրացնում էի, համապատասխան էր առաջնությանը, բայց պոկում վարժությունում որ չստացվեց, հույսս կտրեցի մի պահ, հետո մտածեցի, որ կարող եմ թեկուզ մեդալի համար պայքարել։ Արդեն հրում վարժության ժամանակ մարզիչներն օգնեցին, որ հավատամ ուժերիս, չհանձնվեմ։ Շատ արագ-արագ իրար հաջորդեցին մտքերը։ Որոշեցի ու կռիվ տվեցի ծանրաձողի հետ: Պայքարելու այդ ուժը (հիմա արդեն չգիտեմ՝ ինչպես) եկավ՝ անկախ ինձանից: Եվ այդպես ես դարձա չեմպիոն»,- այսօր էլ ոչ պակաս հուզմունքով է առաջնության մասին պատմում գյումրեցի ծանրորդը։

Ալեքսանդրայի հաղթանակը Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը պատահականություն չի համարում։ Ասում է՝ տևական ու մանրակրկիտ աշխատանքի արդյունք էր։ Նա ևս պոկում վարժության ձախողումից հետո մտավախություն է ունեցել, որ Ալեքսանդրան գուցե չկարողանա գնալ հետագա հաղթական քայլի։

«Բայց ստացվեց, Աստված էլ մեր կողմն էր էդ պահին երևի։ Ալեքսանդրան նույն ուժն էլի ունեցել է այլ մրցումների ժամանակ, բայց չի ստացվել, հիմա եղավ»,- ասում է մարզիչը։

 

 

Ալեքսանդրայի հաղթանակը հասցեատեր ունի. մարզչի խոսքով՝ այն ամբողջ ժողովրդինն ու մարզաշխարհինն է, բայց նաև իր անձնական մարզիչ Քրիստինե Պետրոսյանինը. հենց նրա ծննդյան օրն է դարձել չեմպիոն։

Սպորտում չկան հստակ գծեր, որքան էլ պատրաստվածությունն ու ուժն առաջնային են, բայց անբացատրելի մեկ այլ բան էլ կա, որից հաղթանակն ու պարտությունն են կախված։ Արտաշես Ներսիսյանն ասում է՝ ամեն ինչ ժամացույցի նման չի աշխատում մարզաշխարհում։

«Մե քիչմ էլ դիմացինդ բդի սխալվի, դու օգտվիս էդ սխալից, հետո մի բան էլ կա, հիմնականում հավասար երեխեք են մասնակիցները, ինչ-որ տեղ մի քիչ էլ մարզչական պայքար է։ Պետք է թրծված լինես, որ կարողանաս հաջողություն ունենաս»,- վստահ է նա։

Մեկ այլ վստահության մասին էլ Ալեքսանդրան է բարձրաձայնում, նկատում՝ որքան էլ մարզիկը պատրաստված ու ուժեղ լինի, ամենապատասխանատու պահին հենց մարզչի՝ իր նկատմամբ ունեցած վստահությունն է կարևոր. սա անխախտ օրենք ու պարտադիր պայման է։

«Մարզիչներից է կախված, թե ինչպես կոգևորեն մարզիկին։ Քանի որ ես ինձ մի փոքր քիչ եմ հավատում, պետք է, որ իրենք անընդհատ դուխ տան, ասեն, որ կարող եմ, որ ստացվի ինձ մոտ։ Ես ֆիզիկապես ուժեղ եմ, դա այլ հարց է, բայց եթե մարզիկին կոտրեն հոգեբանորեն, ինչքան էլ պատրաստ լինես, կձախողվես»,- ասում է 19-ամյա ծանրորդը։

Այս հարցում մեծ է հատկապես անձնական մարզիչի դերը։ Ալեքսանդրան շեշտում է՝ նրանից մեծ ուժ ու հոգեբանական ամրություն է ստանում. «Նա միշտ ինձ ասում է՝ դու ինձ հավատա: Երբ ասում եմ՝ կարող ես, ուրեմն կարող ես»:

Ծանրաձողի հետ առաջին հանդիպումը 12 տարեկանում է եղել։ Սկզբում քույրն է հաճախել, հետո հետաքրքրասիրությունը նաև Ալեքսանդրային է տարել ծանրամարտի։

Ունի՞ իդեալ կամ ձգտո՞ւմ է հասնել ու անցնել որևէ ծանրորդից՝ հարցին, պատասխանում է՝ ոչ։

«Ես երբեք որևէ մեկին չեմ ձգտել նմանվել, միայն ինձ եմ ուզում նման լինել։ Որովհետև ամեն մարդ իր նպատակն ունի, ամեն մարզիկ տարբեր ձևով է մարզվում, յուրաքանչյուր մարդու նպատակն ու երազանքը միայն իր անձնականն է, միայն ես գիտեմ՝ ինչ եմ ուզում, ուր եմ գնում, ինչ եմ մտածում։ Դա ինձ համար սկզբունք է, և եթե հաղթել ու անցնել, ապա միայն ինձ, ոչ մի ուրիշ մարզիկի»,- զրույցը եզրափակում է աղջիկն ու շտապում հերթական պարապմունքին։

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Կիսվել սոց․ ցանցերում