«Ես կարծում եմ, որ մենք Տավուշում մի կարևոր խնդիր ունենք. մենք այդ գյուղերը, որոնք, ըստ 1991 թվականի սահմանների, Ադրբեջանի տարածքում էին գտնվում, և դրա համար էլ մենք պետք է դրանք իրենց վերադարձնենք, բայց այստեղ մի հատ կարևոր խնդիր կա. այդ գյուղերին միացնող ճանապարհները անգամներ պետք է մտնեն Ադրբեջանի տարածք, դուրս գան, վերադառնան Հայաստան, և հնարավոր բան չի այս պայմաններում այդպիսի ճանապարհ ունենալը։ Հետևաբար մենք առաջին հերթին պետք է այդ գյուղերի ճանապարհների մասին մտածենք՝ ինչ պետք է անենք, որպեսզի ապահովենք նրանց անվտանգությունը»,- Civic.am-ի հետ զրույցում խոսելով այս պահին Տավուշում իրականացվող սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մասին՝ ասաց քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը։
Այնուհետև նա հիշեցրեց, թե ինչու ենք մենք ժամանակին այդ տարածքները գրավել. այդ գյուղերի շրջաններից կրակում էին այդ ճանապարհով անցնող բեռնատարների վրա և մի քանի վարորդի են սպանել այդտեղ, այդ պատճառով մերոնք այդ գյուղերը գրավել են, որպեսզի անվտանգության գոտի ստեղծեն. հիմա եթե մենք այդ նույն ճանապարհը վերադարձնում ենք, նույն անվտանգության գոտին վերանում է, և նորից կարող են ադրբեջանական գյուղերից կրակել Հայաստանով անցնող ավտոմեքենաների վրա, և Հայաստանի մայրուղին մի քանի անգամ պետք է հատի ադրբեջանական տարածքը։
Քարտեզագետի խոսքով՝ ամենահեշտ ու ամենաճիշտ ճանապարհն այն է, որ Ադրբեջանի տարածքի, որով անցնում է Հայաստանի ճանապարհը, որոշ հատվածներ Ադրբեջանից հանձնվեն Հայաստանին, ուրիշ տեղ՝ ավելի հյուսիսում, Ադրբեջանին հանձնենք նույն չափի հողեր, հողերի փոխանակում լինի, որպեսզի այս ճանապարհները մեր ունեցած տարածքներով անցնեն, ոչ թե մտնեն թշնամու տարածքը, դուրս գան, ինչը միջազգային քարտեզագրման հիմունքին հակառակ է. երկրի ճանապարհը միայն իր երկրի տարածքով պետք է անցնի, ոչ թե մտնի հարևան երկիր, վերադառնա իր երկիր։
Խոսելով Կիրանցի հատվածի սահմանագծման մասին՝ քարտեզագետն ասաց, որ շատ հաճախ Ալիևի ասածն ու արածը իրար չեն համապատասխանում։
«Սկզբում ասաց՝ 1991 թվականի քարտեզները չեմ ընդունում, հետո տեսավ՝ Տավուշում իրենց ձեռնտու է, ընդունեց, բայց եթե ընդունել է մինչև հարավ՝ դեպի Պարսկաստան գնացող հայ-ադրբեջանական սահմանն էլ պետք է ընդունի և դուրս գա իր գրաված 200-ից ավելի քառակուսի կիլոմետր հայկական բարձունքներից։ Մինչդեռ ինքը հայտարարել է, որ այնտեղ, որտեղ իմ զինվորը կանգնած է, այդ տարածքներից դուրս չեմ գալու։ Ինչպե՞ս ենք մենք համատեղում նրա այս ասածը և այն, որ ստորագրել են, որ 1991 թվականի քարտեզի հիման վրա պիտի ամբողջ սահմանագիծը որոշվի։ Ո՞վ պիտի Ալիևին պարտադրի, որ նա այդ բանն անի։ Եթե, օրինակ, Ադրբեջանն ասում է՝ մինչև մայիսի 15-ը պետք է այդ տարածքն իրենց տանք, մենք էլ պետք է ասենք, որ մինչև 15-ը դու պետք է Ջերմուկից հեռանաս»,- ասաց քարտեզագետը։
Խոսելով նաև Տավուշի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի այն հայտարարության մասին, որ իր համար Հայաստանի Հանրապետությունն այնքան է, որքան կարող է հայ զինվորը կանգնել, քարտեզագետն ասաց. «Բագրատ արքեպիսկոպոսը թող գնա եկեղեցու հարցերով զբաղվի, վերջին տարիներին մեր եկեղեցին իր հավատացյալներին կորցրել է, քանի որ մեր եկեղեցականները զբաղվում են ոչ թե եկեղեցական կյանքով, այլ բիզնեսներով են զբաղվում։ Թող նրանք եկեղեցական կյանքը դասավորեն, ժողովրդին քաշեն, գրավեն դեպի եկեղեցին և չխառնվեն ռազմական ու քաղաքական գործերին։ Հոգևորականի գործը հոգևոր կարիքները հոգալն է»,- ասաց քարտեզագետը։
Վերջինիս խոսքով՝ այդ արտահայտությունը, որը կրկնում են շատերը, մի քիչ ապուշություն է, այսինքն՝ նշանակում է, որ 200 և ավելի քառակուսի կիլոմետրը, որտեղ ադրբեջանցիները կանգնած են, տալիս ենք Ադրբեջանի՞ն։ Նա նշեց, որ նմանատիպ հայտարարությունները ծառայում են միայն Ռուսաստանի և Ադրբեջանի շահերին, և այդ հայտարարություն անողները Հայաստանի շահը չեն պաշտպանում, նրանք պաշտպանում են մեր թշնամու շահերը, դրանք երկիրը քանդող հայտարարություններ են։
Լիլիթ Թադևոսյան
