Մայիսի 7-ին Երևանում մեկնարկել է «Թվապատում» շարքի տասներորդ մեդիա կոնֆերանսը։
«Այս տարի «Թվապատում» մեդիա կոնֆերանսն իրականացվում է Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում Ինտերնյուսի կողմից՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և Զինք նեթվորքի հետ գործակցությամբ»,- նշվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տարածած հաղորդագրությունում։
«Կանոնների արվեստը» խորագրով մեդիա կոնֆերանսը թվային դարաշրջանում բարենպաստ մեդիա միջավայր ստեղծելու և դրա մարտահրավերների մասին է։
Բելգիայից, Լատվիայից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Սերբիայից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Վրաստանից և Հայաստանից հրավիրված բանախոսները խոսել են ժամանակակից լրագրության չափանիշների ու էթիկայի, թվային գործիքների ազդեցության, ինքնակարգավորման հայեցակարգերի, խմբագրական քաղաքականության, դիմակայության և ճգնաժամերի հաղթահարման, ինչպես նաև արհեստական բանականության հետ ներդաշնակ ապրելու ուղիների մասին։

