Մեկ օրում 24 միջոցառում համայնքապատկան 5 թանգարանում։
Մայիսի 18-ին Գյումրիում կմեկտեղվեն Թանգարանների միջազգային օրն ու Թանգարանային գիշերը։ Արդյունքում մշակույթի մայրաքաղաքը բոլորին մեծ տոնի է հրավիրում։ Այդ օրը համայնքապատկան բոլոր թանգարանները բաց կլինեն վաղ առավոտից մինչ կեսգիշեր, այցելուներին կընդունեն անվճար, կներկայացվի բազմաժանր ծրագիր, որը միայն թանգարանային ցուցանմուշներին ու պատմություններին չէ, որ վերաբերելու է։
Թանգարանային օրվա միջոցառումների մեկնարկը կտրվի Շիրազի հուշատուն-թանգարանից։ Վաղ առավոտյան հենց բակի թոնրի ծուխը բարձրանա, ու թարմ թխված հացի բույրը տարածվի, օրը կհամարվի բացված։
«Գունդ անեմ, թոնրին խփեմ, հաց հանեմ» խորագրի շուրջը համախմբվող թանգարանի հյուրերն ու այցելուները թարմ թխված հացը ժողովրդական խաղիկների ուղեկցությամբ վայելելու հնարավորություն կունենան։
Այստեղ ու բոլոր թանգարաններում իրականացվող միջոցառումները կուղեկցվեն Գյումրու նվագախմբերի, բենդերի և համույթների կատարումներով։
«Ամառ բեր, ձմեռ կեր»․ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը կհրավիրի բոլորին իր հարկի տակ։ Այստեղ արիշտայի պատրաստություն և հյուրասիրություն կլինի։ Իսահակյանական ընթերցումներ և ճանի առաջնություն։
«Սերնդակիցներ Իսահակյանը, Մերկուրովն ու Գյուրջիևը հաճախ են ճան խաղացել։ Իսահակյանի բակում փորձելու ենք վեր հանել ու ներկայացնել այս հնագույն խաղն ու պատմել, որ այն տարածված է եղել հայկական լեռնաշխարհում։ Լսել ենք ազգագրագետներին ու «Ճանդ՝ աջ, գործդ՝ առաջ» առածով առաջնորդվելով՝ ներկայացնելու ենք այս խաղն անպայման»,- պատմում է Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում «Փարաջանով-100»․ պարային իմպրովիզացիան կլինի, նաև Մերկուրովի նկարչական դպրոցի սաների ցուցահանդեսը կբացվի։
Մհեր Մկրտչյանի թանգարանում ևս կենդանի շունչ ու ձայներ կլսվեն։ Բոլոր հյուրերին երեկոյան թանգարանի պատշգամբից հենց Ֆրունզը կողջունի։
Բոլոր թանգարաններում ընդունված ձևաչափով նաև մեկ ցուցանմուշի ներկայացում կլինի։ Մհեր Մկրտչյանի թանգարանում դա հայտնի կամոդն է, Իսահակյանում՝ վարպետի սրճամանը, Ասլամազյաններում նկար կցուցադրվի, Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանում Սանոյանների հրատարակչատանը թողարկված մետաքսե ազդագիրը կցուցադրվի։ Բոլոր ցուցանմուշների մասին հետաքրքիր պատմություններ կներկայացվեն։
Օրը կամփոփեն երգող պատշգամբերը։ Քաղաքի կենտրոնական հատվածների պատշգամբերից կենդանի կատարումներ կհնչեն։
Օրվա ընթացքում նաև տարբեր քննարկումներ, հետազոտական աշխատանքների ներկայացումներ կլինեն, ցուցահանդեսներ կբացվեն, կցուցադրվի «Ինչպե՞ս են ստեղծվում արհեստները» անիմացիոն ֆիլմաշարը։
«Այս միջոցառմամբ կարելի է ասել նաև տրվում է Գյումրիում զբոսաշրջության այս տարվա մեկնարկը, և շատ կարևոր է, որ լավ ներկայանա քաղաքը, ամբողջովին բացահայտվեն թանգարանային հնարավորություններն ու մեր նորությունները։ Հենց այս ամենի հետևից է, որ ողջ տարվա ընթացքում մարդիկ ձգտելու են այցելել Գյումրի, լինել այս կամ այն թանգարանում, ծանոթանալ ցուցանմուշներին, նոր պատմություններին ու այն ամենին, ինին առաջարկում է պատմական Գյումրին»,- ասում է Թովմասյանը։
Բոլորին նաև անակնկալ է սպասվում. մեծ արվեստային նախագիծ է իրականցվելու B612 արվեստանոցի հետ։ Քաղաքի կենտրոնական հատվածներում տեղադրված կլինեն դռներ, որոնք մարդկանց կտանեն դեպի արվեստ ու մշակույթ։ Թե ինչպես՝ կիմանան միայն նրանք, ովքեր կլինեն Գյումրիում և մասնակիցը կդառնան թանգարանային հրավառությանը։
