Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում։ Անսովոր ձևաչափով Գյումրիում տրվել է միջազգային թատերական փառատոնի մեկնարկը։

Առաջինը ներկայացել էԵրևանի պետական կամերային թատրոնը՝ «Fe-Show»՝ «Ֆերում շոու»-ով։

Ընդհանուր առմամբ, Գյումրու միջազգային թատերական փառատոնի շրջանակում հայաստանյան և միջազգային թատրոնների և թատերախմբերի 22 ներկայացում է հյուրընկալելու դրամատիկականն իր հարկի տակ:

«Փառատոնն արդեն երկրորդ անգամ է կազմակերպվում։ Նախորդ տարվա  խանդավառությունը, որ առաջ եկավ այս ծրագրի շուրջ, վստահաբար համոզեց, որ պետք է կրկնել նաև երկրորդ անգամ։ Հիմա արդեն թատերական այս մեծ տոնն արդեն Գյումրիում է՝  իր հետ Գյումրի բերելով Հայաստանի գրեթե բոլոր մարզային թատրոնների տասնյակ ներկայացումներ։ Ունենք նաև միջազգային ներկայացումներ ՌԴ-ից, Բելգիայից  և Վրաստանից, ինչը ևս շատ կարևոր է, քանի որ սա  նաև փորձի փոխանակման  լավագույն հնարավորությունն է։ Ինչպես  նախորդ տարի, այս տարի ևս փառատոնի գլխավոր նպատակը մի կողմից՝ փորձի փոխանակումն է, մյուս կողմից՝ գյումրեցի հանդիսականին այլ թատրոնների լավագույն ներկայացումները հասանելի դարձնելն է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է «Գյումրու միջազգային թատերական փառատոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լիլիթ Թովմասյանը։

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ է Գյումրու դրամատիկական թատրոնում մեկնարկել է փառատոնը։ ԿԳՄՍ փոխնախարար Դաիել Դանիելյանն ասում է նախարարությունը խրախուսում է Գյումրիում նման միջոցառման անցկացումը։

«Գյումրին եղել է ու կա Հայաստանի մշակութային մայրաքաղաքը։ Այստեղ կան այն ուժերն ու կադրերը, նաև դահլիճը՝ նման մեծ փառատոնի անցկացման համար»,- ասել է Դանիելյանը։

Փառատոնային ներկայացումներից 19-ը հայ ռեժիսորների բեմադրածներն են։ Ըստ փոխնախարարի, մարզի և Գյումրու հանդիսատեսը ևս պետք է առիթ ունենա նրանց նաև իրենց քաղաքում տեսնելու։ Բոլոր ներկայացումները տեղի կունենան Գյումրու պետական դրամատիկական թատրոնի մեծ և փոքր դահլիճներում, Գյումրու Մտորումների թատրոնում:

Կիսվել սոց․ ցանցերում