Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Ավիավթարի հետևանքով Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան պատճառով Իրանի բոլոր կինոթատրոնների ու թատրոնների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է:

Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։

Նշվում է, որ Իրանում կինոթատրոններն ու թատրոնները փակ կլինեն մինչև հետագա ծանուցում։ Հեռուստատեսությամբ կատակերգական հաղորդումները նույնպես կչեղարկվեն։

Ինչպես հայտնել էինք, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք էր կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ։

Ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները՝ 9 մարդ, զոհվել են։

Օդանավում Իրանի նախագահի հետ են եղել արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմըև այլ պաշտոնյաներ:

Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ողբերգական պատահարի կապակցությամբ երկրում 5-օրյա սուգ է հայտարարել, խոնարհվել են պետական բոլոր գերատեսչությունների դրոշները, արգելվել՝ զանգվածային միջոցառումները:

Իրանի Սահմանադրության համաձայն՝ նախագահի պարտականությունները կկատարի հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը՝ մինչև ընտրությունների անցկացում, որոնք պետք է կազմակերպվեն 50 օրվա ընթացքում։

Կիսվել սոց․ ցանցերում