Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և մյուսների գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ` դատավճիռ կայացնելու:
Այն կհրապարակվի մայիսի 29-ին:
Մինչ այդ դատարանն ամբաստանյալներին վերջին խոսքի իրավունք է տվել, ինչից Սերժ Սարգսյանը հրաժարվել է:
Մեղադրող դատախազը ավելի վաղ իր ճառում միջնորդել էր մեղավոր ճանաչել Սարգսյանին մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար և վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ազատել քրեական պատասխանատվությունից:
Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի և Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը)։ Վերջինս իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։
Սերժ Սարգսյանին ավելի ուշ նաև նոր մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը):
