ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին տարվել է իր սիրելի հոբբիով՝ մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Մասնավորապես, անդրադառնալով երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետի այն դիտարկմանը, թե՝ «ՀԱՊԿ անդամ առնվազն երկու երկիր գիտի, որ մասնակցել են 2020 -ի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը», Զախարովան նշել է՝ Մոսկվայում չգիտեն, թե որ երկրները նկատի ուներ ՀՀ վարչապետը, եւ որ՝ նման հայտարարությունները պետք է հասցեական լինեն և «պետք է նշվեն երկրները»։ «Մենք պետք է ինքնե՞րս գուշակենք, թե՞ հետո մեզ կպատմեն: Շատ տրամաբանական կլիներ դրանց մասին հնչեցնել, եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է»,- ասել է Զախարովան: Նա նաեւ նշել է, թե «զինադադարի կնքման հնարավորությունը կար դեռ 2020 թվականի հոկտեմբերին: Այդ ժամանակ ՌԴ նախագահը համոզել էր Ադրբեջանի նախագահին դադարեցնել պատերազմը, նա պատրաստ էր դրան, բայց Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը պնդեց շարունակել ռազմական գործողությունները։ Այս ամենն ի վերջո հանգեցրել է Շուշիի գրավմանը և Ստեփանակերտ տանող ճանապարհի բացմանը»։
ՀՀ-ին վերաբերող հայտարարություններ անելիս տիկին Զախարովայի կողմից ամենշաբաթյա ռեժիմով ցուցաբերվող ցինիզմին, փաստորեն, այլեւս գումարվել է նաեւ սիմուլյանտությունը։ Տիկինը, փաստորեն, գլխի չի ընկնում, թե ՀԱՊԿ անդամ ո՞ր երկիրն է, որ, լինելով ՀՀ դաշնակիցը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներից մեկը, «Լավրոյան պլանի» առաջարկողը, «Ղարաբաղը Ադրբեջան է» ասողը, 44-օրյա պատերազմում Հայաստանին «օգնելու իմիտացիա» ցուցաբերել ու նախապատրաստել 2020-ի պատերազմը։ ՌԴ ԱԳՆ խոսնակը ստիպում է արձագանքել՝ հիշելով հին հայկական եւ շատ պոպուլյար ասացվածքը՝ «ուղիղ (դուզ) խոսքը միայն էշին են ասում»։
Հիշելուց զատ, սակայն, հիշեցնենք նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կապված Զախարովայի երկրի ղեկավարության այն հավաստիացումների հետ, թե ՌԴ նախագահը համոզել էր Ադրբեջանի նախագահին դադարեցնել պատերազմը, նա պատրաստ էր դրան, բայց Հայաստանի վարչապետը «պնդեց շարունակել ռազմական գործողությունները, ինչն էլ ի վերջո հանգեցրեց Շուշիի գրավմանը»։
2023 թ․ հունիսին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողվում ունեցած իր ելույթում (դրանից առաջ էլ) Փաշինյանն այս դրվագի վերաբերյալ մասնավորապես հայտարարել էր․ «2020-ի հոկտեմբերի 19-ին ռուսական կողմն ինձ ասաց, որ ադրբեջանական կողմը ևս մի նախապայման ունի, որ ադրբեջանցի փախստականները, որոնք հակամարտությունից առաջ կազմել են Շուշիի բնակչության 90%-ը, վերադառնան Շուշի: ՌԴ-ի համար սա ընկալելի ակնկալիք էր, քանի որ ասում էին, որ միշտ էլ բանակցային օրակարգում ներառվել է փախստականների վերադարձի հարցը ԼՂ: Ահա ինձ ինչի մեջ են մեղադրում, որ եթե ես համաձայնեի, որ ադրբեջանցիները վերադառնան Շուշի, այն կմնար հայկական վերահսկողության ներքո և թեկուզ ադրբեջանցիներով բնակեցված, կլիներ հայկական: Երբ Շուշիի հարցը բարձրացավ, փորձեցի պարզել, թե ինչպիսի տեսք կարող են ունենալ այդ տարբերակի դեպքում ադրբեջանցիների ակնկալած երաշխիքները: ՌԴ նախագահն առաջարկեց, որ այդ հարցը փոխկապակցության մեջ մտնի ԼՂ կարգավիճակի հետ: Ես այդ ձևակերպմանը համաձայնվեցի, բայց ադրբեջանական կողմը մերժել էր դա ասելով, որ ինքը կարգավիճակի հետ կապված որևէ հարց պատրաստ չէր քննարկել: Ավելին՝ այդ պահին արվող առաջարկի համաձայն, ոչ միայն Շուշիում ապրող, այլև բոլոր ադրբեջանցիները պետք է անարգել հասանելիություն ունենային Շուշիին, այսինքն, 50 հազար ադրբեջանցի կարող էր հյուր գնալ Շուշիում ապրող հայտնի չէ թե ինչքան ադրբեջանցու և այստեղ որևէ սահմանափակում չէր կարող լինել: Ընդհուպ կարող են գնալ և մնալ:
Ամենակարեւոր հարցը՝ ինչպե՞ս է ապահովվելու նրանց տեղաշարժը, պարզվեց՝ նոր ճանապարհ պետք է կառուցվի, որը Շուշիին պետք է կապեր Ադրբեջանին, կարող էր այդ ճանապարհը լինել Կուբաթլիով: Նրանք պետք է առանձին ճանապարհ ունենային, որը պետք է դուրս լիներ Լաչինի միջանցքից և լիներ իրենց վերահսկողության ներքո, սա նշանակում էր, որ կարող էին այնտեղ լինել զինված ուժեր: Սա, առանց չափազանցության, Շուշին Ադրբեջանին հանձնելու մասին էր: Դա նշանակում էր, որ Լաչինի միջանցքը չի գործելու, ադրբեջանցիները կարող էին ցանկացած պահի դա փակել»։
Փաշինյանի խոսքով՝ սա ամբողջը չի եղել, նաեւ առաջարկել են խաղաղապահներ տեղակայել ոչ միայն Ղարաբաղում, այլ նաև Մեղրիում՝ ապահովելու Ադրբեջանի արևմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջևանի հետ։ «Ես չհամաձայնեցի նաև դրան, որ ՀՀ տարածքում ՀՀ վերահսկողության տակ չգտնվող շերտ, միջանցք լինի: Իմ դիրքորոշումը ինչպես հիմա, նախկինում էլ եղել է դա»,-ասել է վարչապետը։
Եւս մեկ ասացվածք հիշեցինք՝ «կրկնությունը գիտության մայրն է»։ Մարիա Զախարովան, թերեւս, կարիք ունի հաճախ հիշել նաեւ այս ասացվածքի մասին՝ պարբերաբար վերընթերցելով ՀՀ վարչապետի հայտարարությունների կոնսպեկտները։ Հին հայկական՝ վերոբերյալ ասացածքը սերտելն էլ, ի դեպ, չէր խանգարի։
Հ․Մանուկյան
