Իտալիայի Հռոմի Լա Սապիենցայի համալսարանի հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տարածքում՝ դրա հատակի վերանորոգման աշխատանքների ընթացքում, հայտնաբերել են հին վիմափոր գերեզման։
Ըստ իտալական Liber Annuus-ի՝ մասնագետները կարծում են, որ հայտնաբերված վայրը համապատասխանում է Ավետարաններում նկարագրված այն վայրին, որտեղ հուղարկավորվել է Հիսուս Քրիստոսը և որտեղից, ըստ քրիստոնեական հավատքի, Նա հարություն է առել։
Պեղումների ընթացքում հայտնաբերված արտեֆակտներն ու մնացորդները, հետազոտողների գնահատմամբ, համապատասխանում են Ավետարանների և այլ սրբազան տեքստերի նկարագրություններին։
Հնագետները նաև նշում են, որ գերեզմանի տեղադրությունը համահունչ է Հովհաննու Ավետարանում ներկայացված նկարագրությանը։ Այն գտնվում է Հիսուսի խաչելության վայր համարվող Գողգոթայից ոչ հեռու։ Ըստ պատմական աղբյուրների՝ Գողգոթայի և Սուրբ Գերեզմանի միջև ժամանակին կանաչապատ տարածք է եղել։
