Շատերը սովորության ուժով ճտճտացնում են մատները՝ կարծելով, թե այդ կերպ թուլացնում են լարվածությունն ու թեթևացնում անհարմարությունը։ Սակայն մասնագետները նշում են, որ որոշ դեպքերում այս սովորությունը կարող է վկայել հոդերի հետ կապված խնդրի մասին։
Այս մասին «Подмосковье сегодня»-ին հայտնել է բժիշկ-տրավմատոլոգ Մարիա Ավկոպաշվիլին։
Մասնագետի խոսքով՝ մատները ճտճտացնելիս առաջացող ձայնը ոսկորների շփման հետևանք չէ։ Հոդի պարկուճում կա սինովիալ հեղուկ, որի մեջ լուծված են գազեր։ Հոդի կտրուկ ձգման ժամանակ ճնշումը փոխվում է, առաջանում են գազային պղպջակներ, և հենց այդ գործընթացն էլ առաջացնում է բնորոշ ձայնը։
Միևնույն ժամանակ բժիշկը խորհուրդ է տալիս չփորձել մատները ուժով և կտրուկ «տեղը գցել»։ Հատկապես հաճախակի և ուժգին շարժումները կարող են ավելացնել հոդի շրջակա հյուսվածքների ծանրաբեռնվածությունը։
Եթե ճտճտոցն ուղեկցվում է միայն ձայնով և ցավ չկա, սովորաբար դա անհանգստության պատճառ չէ։ Սակայն այտուցի, շարժումների սահմանափակման, կարմրության կամ հոդի շրջանում մաշկի ջերմության բարձրացման դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս դիմել բժշկի։
Նման ախտանշանները կարող են կապված լինել վնասվածքների, արթրիտի, ջլերի բորբոքման կամ հենաշարժական համակարգի այլ խնդիրների հետ։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել նաև առավոտյան կարկամությանը, մատների ձևախախտմանը, ձեռքի ուժի նվազմանը կամ շարժումների հանկարծակի սահմանափակմանը։
Եթե նշված ախտանշանները պահպանվում կամ ուժեղանում են, բժիշկը խորհուրդ է տալիս չհետաձգել այցը վնասվածքաբանի կամ ռևմատոլոգի մոտ։
