Իրանի արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու համար պաշտոնապես գրանցված թեկնածուների թիվը չորս օրում հասել է 37-ի։
Այս մասին հայտարարել է երկրի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին։
«Ընդհանուր առմամբ նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 37 մարդ, գրանցման վերջին օրն է»,- ասել է նա IRIB հեռուստաալիքով հեռարձակվող մամուլի ասուլիսում։
Պաշտոնյան պարզաբանել է, որ 37 դիմորդներից 20-ը նախընտրական շտաբ փաստաթղթեր են ներկայացրել հունիսի 2-ին։
Հիշեցնենք՝ նրանց թվում են Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որը հիշվում է Արևմուտքի հասցեին կոշտ քննադատությամբ և իրանական միջուկային ծրագրի արագ զարգացմամբ, իրանցի այնպիսի հայտնի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Իրանի խորհրդարանի նախկին նախագահ Ալի Լարիջանին, Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլ Նասեր Հեմմատին, Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, ով ակտիվ դեր է խաղում Իրանի գերագույն առաջնորդի վարչակազմում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար գեներալ Սեյեդ Վահիդ Հագգանյանը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զականին։
Մայիսի 30-ին Իրանում սկսվել է 14-րդ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը։ Այն կտևի մինչև հունիսի 3-ը։ Հունիսի 4-ից թեկնածուները մեկ շաբաթ կուսումնասիրվեն Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից՝ պարզելու, թե արդյոք նրանք համապատասխանում են նախագահի պաշտոնին։ Մասնակիցների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին։ Արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 28-ին։
