Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ընդդիմությունն ԱԺ օրակարգ էր բերել ոչ թե իմպիչմենտի, այլ հրաժարականի ուղերձի նախագիծ։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, անդրադառնալով ընդդիմության քայլին, գրել է․
«Կոչ, հորդոր, հորդորակ, ուղերձ՝ անվստահության գործընթացի փոխարեն:
Ինչպես և երեկ գրել էի, ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց: Եվ ուրեմն ինչ արտահերթ նիստի մասին էր խոսում փիլոնասառեցվածը՝ պարզ դարձավ այսօր: Պարզվում է՝ մեր խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում է արտահերթ նիստ անել և ընդունել հայտարարություն, որով Ազգային ժողովը կոչ կանի, կհորդորի կառավարությանը հրաժարական տալ: Նույն հաջողությամբ կարող էին հորդորել արևին ծագել, անձրևին՝ տեղալ, ձյանը՝ դադարել:
Եվ այս սնանկ օրակարգի շուրջ նույնիսկ իրենց ողջ կազմը չեն կարողացել կոնսոլիդացնել (ընդդիմադիր 35 պատգամավորից այդ նախաձեռնությանը միացել է միայն 33-ը), բայց հավակնում են իշխանական պատգամավորներին իրենց կողմ քաշելուն:
Տրամաբանության բացակայության այս անփառունակ շքերթը կարծես վերջ չունի:
Այսպես շարունակվելու դեպքում ուղերձի կարիք, թերևս, իսկապես զգացվի: Ուղերձ, կոչ՝ ապասառեցնել ընդդիմադիր տրամաբանության վերջին փշրանքները և դադարեցնել խաբել սեփական սակավաթիվ հետևորդներին»:
Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր միջնորդություն ներկայացրեցին Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։
