Ռեժիսոր Զառա Ջյանի <Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով- Ս․ Փարաջանով> վավերագրական ֆիլմը (վավերագրական դրամա) ընդգրկվել է Վենետիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում, VENICCE CLASSICS խմբի մրցութային բաժնում։
Փարաջանովին նվիրված ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու սեպտեմբերի 6-ին Վենետիկում:
Ֆիլմի ռեժիսոր Զառա Ջյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է։ Պրոդյուսեր Անի Որսկանյանն էլ հիշեց, որ Զառայի հետ ծանոթացել է անցյալ տարվա մարտին, նա էլ իրեն պատմել է պրոեկտի մասին, որ այդպիսի ֆիլմ է ցանկանում պատրաստել։ Պրոեկտը հետաքրքրել է Անիին։
2024թ․ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ ֆիլմի ստեղծումը ոգեւորել է նրանց, ծանոթացել եւ իրենց մտահղացման մասին պատմել են նաեւ պրոդյուսեր Շուշանիկ Միրզախանյանին եւ մեկ ու կես տարում բավականին ծավալուն ու հագեցած աշխատանք կատարել։
Ֆիլմի հերոսներն են Արտավազդ Փելեշյանը, Լորա Գուերրան, Ալի Խամրաեւը, Ատոմ Էգոյանը, Էմիր Կուստուրիցան, Թարսեմ Սինխը, Լեւոն Աբրահամյանը, Չուլպան Խամատովան, Ժոել Շապրոնը։
<Ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա, թե ինչպես է հեղինակն ինքը Փարաջանովի միջոցով փորձում իր հարցերին պատասխանել։ Ամենակարեւոր ուղերձն այն է, որ պատմության ընթացքում չեն փոխվում ժամանակները եւ ժամանակներին բնորոշ խնդիրները։ Շատ կարեւոր է, սակայն, մեր վերաբերմունքը այդ ամենի նկատմամբ>,- ասաց Զառա Ջյանը՝ հիշեցնելով, որ Փարաջանովը նույնիսկ բանտում իր գործն է արել։
Շուշանիկ Միրզախանյանը նկատեց, որ ֆիլմը դժվար ճանապարհ է անցել, քանի որ նկարահանումները տարբեր վայրերում էին, եւ հերոսներին նկարահանելը բարդ էր։ Վենետիկի կինոփառատոնի կազմակերպիչները, ըստ Միրզախանյանի, տարեկան մոտ 15 հազար ֆիլմ են ստանում, որոնցից էլ պետք է ընտրություն կատարեն։ Եվ միայն պետք է հպարտանալ, որ հայկական ֆիլմը հաջողություն է ունեցել։
