Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ օրակարգին վերաբերող հարցեր, ընդգծվել է բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացման շարունակականության կարևորությունը:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է բարեկամ Ֆրանսիայի մշտական աջակցությունը և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների զարգացմանն ուղղված քայլերի իրականացման հարցում։
Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է անվերապահ աջակցությունը Հայաստանին, ինչպես նաև Ֆրանսիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման պատրաստակամությունը։
Հաջորդիվ ՀՀ վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների արդյունքներին` նշելով, որ նախագծի կետերի 80 տոկոսը համաձայնեցված է և Հայաստանը պատրաստ է դրա հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ քայլերը` համոզմունք հայտնելով, որ պայմանագրի ստորագրումը կնպաստի այդ խնդրի լուծմանը:
Քննարկվել են նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա գնալ տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման:
