Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առթիվ ժամանակ առ ժամանակ աղմուկ բարձրացնողները, թվում է, թե անտեղյակ են, չեն կարդացել, ծանոթ չեն, չեն հիշում, թե Հայաստանի երրորդ հանրապետության նախկին երեք իշխանություններն ինչ քայլեր են ձեռնարկել այդ ուղղությամբ, գերտերություններն ինչ դեր են խաղացել այդ հարցում: Թե որքանով են նրանք իրավացի եղել կամ սխալ` դա այլ հարց է, բայց մեր բոլոր իշխանություններն էլ <դատապարտված> են հաշվի առնել Թուրքիայի գոյությունը եւ նրա հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, որը Հայաստանի երրորդ հանրապետության արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա արդեն երկու գիրք է հրատարակել, իր <Մի կյանքից ավելի> գրքում ուշագրավ մի դրվագ է ներկայացնում:
Ըստ միջազգայնագետի` որքան էլ պարադոքսալ կամ անհավանական թվա, Հայաստանի եւ Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները ոչ միայն ուղիղ շփումներ են ունեցել, այլեւ բարձր մակարդակի պաշտոնական պատվիրակությունների փոխայցեր են եղել Թուրքիայից Հայաստան եւ հակառակը: 1990-ականների կեսից թուրքական բանակի բարձրաստիճան զինվորականները գալիս էին Հայաստան, այստեղի բարձրաստիճան զինվորականներն էլ մեկնում էին Թուրքիա:
<Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի տեղակալ նշանակվեց Վահան Շիրխանյանը: Նա նաեւ համակարգում էր արտաքին հարաբերությունները եւ ռազմական գործակցությունը. <1995-ին թուրքական ռազմական մի օդանավ <Զվարթնոցում> վայրէջք կատարելու ցանկություն հայտնեց: Մենք շատ զարմացանք, թե ինչ նպատակով է ռազմական օդանավը վայրէջք կատարելու թույլտվություն հայցում Երեւանից: Վազգեն Սարգսյանին զեկուցեցին, որ ՀՀ-ն 1993-ին միացել է Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրին, եւ այցելությունը կապված է այդ պայմանագրով ստանձնած պարտավորությունների հետ >: Պայմանագիրն իրավական տեսանկյունից պարտադիր միջազգային փաստաթուղթ էր, որի նպատակը Եվրոպայում սովորական սպառազինությունների առնչությամբ մտահոգություն առաջացնող խնդիրները նվազագույնի հասցնելն էր, անդամ պետությունների անվտանգության, վստահության ամրապնդումը եւ սպառազինությունների վերահսկման ոլորտում թափանցիկության ապահովումը: Ըստ պայմանագրի` Հայաստանը պարտավորվում էր ամեն տարի ընդունել իր զինված ուժերի չորս տեսչական ստուգում: Ի դեպ, դրանց արդյունքներով Հայաստանը երբեք չի խախտել պայմանագրի որեւէ կետ:
-Վազգեն Սարգսյանը շատ զայրացավ եւ արգելեց օդանավի վայրէջքը: Ինսպեկցիան օդակայանում ասում էր, թե ո’ր զորամասը պետք է ստուգի, ընդունող կողմը պարտավորվում էր պատվիրակությանը տանել այնտեղ: Վայրէջքի արգելքը, իհարկե, լուրջ սկանդալ առաջացրեց: Կարճ ժամանակ անց քննարկում կազմակերպվեց հանրապետության նախագահի մոտ` արտաքին գործերի նախարարի եւ այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Մենք հիմնավորում էինք, որ թուրքերը կիմանան մեր բոլոր կոորդինատներն ու զինատեսակների թվաքանակները, ինչը համարում էինք մեր անվտանգային շահերին դեմ: Սակայն մեր հիմնավորումները չընդունվեցին, եւ որոշում կայացվեց, որ Հայաստանը դուրս չի գալու պայմանագրից եւ շարունակելու է իր պարտավորությունների կատարումն այդ պայմանագրով,- պատմում է Շիրխանյանը:
Դժվար է պատկերացնել, որ թուրքական ռազմական հետախուզությունը չունենար սահմանի մոտակայքում տեղակայված հայկական զինված ուժերի ստորաբաժանումների տվյալներն ու կոորդինատները: Բնական էր, որ դրանք թուրքական հետախուզության համար առաջնահերթ էին: Այդ առումով Թուրքիան հազիվ թե առավել կարեւոր տեղեկություններ ձեռք բերեր հայկական զորամասեր այցելելիս: Սակայն սա լուրջ հնարավորություն էր, որ հայկական կողմն այցելի թուրքական զորամասեր եւ ծանոթանա թուրքական բանակային ստորաբաժանումների կոորդինատներին, զինատեսակներին եւ հագեցման մակարդակին: Հավանաբար հենց այս հիմնավորումն էր կարեւոր դեր խաղացել քաղաքական վերջնական որոշումը կայացնելիս, որ Հայաստանը պետք է հավատարիմ մնա պայմանագրին եւ կատարի իր ստանձնած պարտավորությունները:
Հատկանշական է, որ համաձայնագրին միանալու համար Երեւանի վրա լուրջ ճնշում էր գործադրել Վաշինգտոնը>,- նշված է գրքում:
Lragrogh.com-ը կապ հաստատեց Վահան Շիրխանյանի հետ եւ խնդրեց իր տեսակետները ներկայացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի, այսօրվա արտաքին քաղաքական հարցերի մասին: Սակայն Շիրխանյանը հրաժարվեց` նշելով, որ այդ մասին միգուցե խոսի ավելի ուշ:
Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 21-ին Վահան Շիրխանյանը կալանավորվել էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից Արթուր Վարդանյանի գլխավորած <զինված հանցախմբի> վնասազերծման գործի շրջանակում: 2018թ. հունիսի 25-ին Վահան Շիրխանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից:
Թագուհի Հակոբյան
Ինչու՞ էր 1995-ին թпւրքшկան ռшզմшկան օդանավը «Զվարթնոց»-ում վայրէջք կատարելու ցանկություն հայտնել
