Իրանի իշխանությունները պատրաստ են Մերձավոր Արևելքում հակամարտության զարգացման ցանկացած սցենարի, այդ թվում՝ Իսրայելի՝ իր դեմ գործողություններին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Իսրայելցիները կարող են ստուգել մեր կամքը: Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, բայց միևնույն ժամանակ չենք ձգտում պատերազմի կամ էսկալացիայի»,- ասել է Արաղչին Al Jazeera-ին տված հարցազրույցում։
Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Իսրայելը ձգտում է ընդլայնել տարածաշրջանում հակամարտության աշխարհագրությունը և փորձում Թեհրանին ներքաշել բաց առճակատման մեջ։
«Նախ մենք կտեսնենք, թե ինչպիսին կլինի Իսրայելի հարձակումը և դրա հիման վրա կորոշենք մեր պատասխանի բնույթը»,- ասել է Արաղչին։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով իրանցի պաշտոնյային, հայտնել էր, որ Թեհրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին Իսրայելին ռազմական օգնություն կամ օդային տարածք տրամադրելու մասին: Գործակալության զրուցակցի խոսքով՝ Իրանը նման նախազգուշացում է արել հոկտեմբերի 3-ին Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Կատար կատարած այցի ժամանակ։
Հոկտեմբերի 1-ին Իրանը լայնածավալ հրթիռային հարձակում գործեց Իսրայելի վրա՝ ի պատասխան պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման, լիբանանյան շիական «Հըզբոլլահ» կազմակերպության և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարության առանցքային անձանց սպանություններին։
Թեհրանն ասել է, որ հրթիռների 90%-ը հաջողությամբ խոցել են իրենց նախատեսված թիրախները, Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 180 հրթիռ է արձակել, և դրանց մեծ մասը որսացել են ՀՕՊ համակարգերը։ Իսրայելի գլխավոր շտաբը խոստացել է ժամանակ ընտրել և անակնկալ մատուցել հարձակմանը, իսկ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զգուշացրել է, որ այս դեպքում Իսրայելի վրա հարձակումներն էլ ավելի լայնածավալ կլինեն։
