Microsoft-ի նախկին գլխավոր տնօրեն եւ LA Clippers-ի սեփականատեր Սթիվ Բալմերը, անփոփոխ, աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի ցուցակում է։
Չնայած վիթխարի ունեցվածքին՝ ընկերներն ասում են, որ Բալմերը դեռ այն տղաներից է, որոնք դժգոհում են հյուրանոցի մինի-բարի արժեքից։ Միլիարդատերը գերզբոսանավեր չունի, չունի շքեղ զգեստապահարան, եւ նա նախկինի պես ապրում է չորս ննջարան ունեցող տանը, որտեղ ինքը եւ կինը մեծացրել են իրենց երեք որդիներին։ Այնուամենայնիվ, կասկած չկա, որ ավելի քան 120 մլրդ դոլար մաքուր կապիտալի առկայությունը ազդել է Բալմերի վրա։ «Ես արմատապես փոխվել եմ։ Ես գիտեմ, որ ես փոխվել եմ»,- ասել է Բալմերը, տեղեկացրել է CBS-ը։
Դեթրոյտի արվարձանում մեծացած Բալմերը ամաչկոտ երեխա էր։ Նրա հայրը՝ շվեյցարացի ներգաղթյալ, աշխատում էր Ford-ում որպես միջին կարգի պաշտոնյա։ Բալմերն ընդունվել է Հարվարդ, որտեղ եղել է ֆուտբոլային թիմի ղեկավարը եւ սերտ բարեկամություն է հաստատել Հարվարդի մեկ այլ ուսանողի՝ Բիլ Գեյթսի հետ։
Գեյթսը թողել է ուսումը, որպեսզի հիմնի ծրագրային ապահովման ընկերությունը, իսկ Բալմերը գնացել է այլ ուղղությամբ. Procter & Gamble-ի վաճառքի եւ մարքետինգի բաժին՝ վաճառելով խառնուրդներ թխման համար։ Բայց նա պարզել է, որ թխելն իր կոչումը չէ, ուստի մեկնել է Սթենֆորդի բիզնեսի դպրոց։ Նա առաջին տարվա կես ճանապարհին էր, երբ նրան զանգահարել է Գեյթսը եւ փորձել վարձել նրան ծրագրային ապահովման իր քաոսային սթարտապի համար։
Գեյթսը համոզիչ էր, եւ Բալմերը թողնում է ուսումը, որպեսզի միանա ընկերոջը։
Բալմերի աշխատավարձը՝ 40 000 դոլար գումարած Գեյթսի ընկերության արժեթղթերի 9 տոկոսը։
Գեյթսը եւ Բալմերը միասին սկսեցին մարմնավորել Microsoft-ը։ Խանդավառությունը դարձավ Բալմերի ցուցիչը, իսկ մեմը տեսանյութից հետո, որտեղ քրտնքից թաց Բալմերը վանկարկում է «մշակողներ, մշակողներ, մշակողներ», վիրուսային դարձավ։
Հետ նայելով՝ Բալմերը խոստովանում է, որ իր համար մի փոքր անհարմար էր։ «Ես անձամբ սնվում եմ էներգիայով»,- ասել է նա։ «Եվ ի դեպ, այնպես չէ, որ դա բոլորի սրտով է։ Նկատի ունեմ, որ դուք գիտեք, որ որոշ մարդիկ հանգիստ են։ Բայց դա ես եմ»։
Բալմերը Microsoft-ի գլխավոր տնօրենի պաշտոնն զբաղեցրել է 2000թ., եւ նրա գտնվելն այդ պաշտոնում աչքի է ընկել հաղթանակներով եւ պարտություններով։ Հայտնի է, որ նա լուրջ չի ընդունել iPhone-ի մարտահրավերը Apple-ից, երբ այն թողարկվել է, եւ ծիծաղել է այդ գաղափարի վրա 2007թ.։
Եվ այնուամենայնիվ, գլխավոր տնօրենի պաշտոնում Բալմերի գտնվելու ընթացքում Microsoft-ի հասույթը ավելացել է ավելի քան երեք անգամ։ Նա պահպանել է իր արժեթղթերի մեծ մասը եւ տեսել, թե ինչպես է իր անձնական կարողությունը կտրուկ ավելացել։
Համակարգիչներից մինչեւ բասկետբոլ
Բալմերը Microsoft-ից հեռացել է 2014թ., այն նույն թվականին, երբ գնել է LA Clippers բասկետբոլի թիմը։ Մարդիկ հարցնում էին՝ արդյո՞ք նա միշտ է ցանկացել բասկետբոլի թիմ ունենալ։
Դա տարբերվում է Microsoft-ի կառավարումից, ընկերություն, որի եկամուտները 20 անգամ գերազանցում են NBA-ի եկամուտները։ Բայց Բալմերն ասում է, որ իրեն ավելի շատ այս աշխատանքն է դուր գալիս, մասամբ այն պատճառով, որ այն շատ ավելի հեշտ է չափել։
