«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ընտրություններին դառնալու են մրցակից, պшյքարեն իրար դեմ. Խալաթյան

Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ինքնախոստովանությունը, որով նա հաստատել է իշխանափոխության օրակարգի հարցի հետ կապված ընդդիմության ձախողումը, ըստ իրավագետ Արտաշես Խալաթյանի, վկայում է այն, որ խորհրդարանական ընդդիմությունը ևս պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին։

Նրա խոսքով՝ նրանք գիտակցում են, որ առաջիկա ընտրություններում գուցե շանսեր չունենան նորից հայտնվելու Ազգային ժողովում, այդ պատճառով երկու ընդդիմադիր ուժերն այլևս չեն կարողանում թաքցնել միմյանց միջև եղած անհամաձայնությունները։

«Յուրաքանչյուրը պետք է որդեգրի քաղաքական մարտավարություն՝ ներկայանալու այն զանգվածին, որոնց միջոցով իրենց ներկայությունն են ապահովել խորհրդարանում։ Նրանք գիտակցում են, որ ընդդիմությանը ձայն տված հասարակության մի հատվածը ևս տեսնում է ու արձանագրում ընդդիմության ձախողումները, հետևաբար ընդդիմադիրներն այժմ միջոցներ են փնտրում իրենց ընտրողների շահերն ու սպասելիքները որոշակիորեն արտահայտող վարքագիծ դրսևորելու, ծրագրեր առաջարկելու համար»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Այսինքն՝ այժմ ընդդիմությունը փորձ է անելու իշխանափոխության նոր ծրագրեր առաջարկել, խմբագրել նախկին քաղաքականությունը, վերանայել քայլերը, կարծում է Խալաթյանը։ Ընդհանուր առմամբ, ըստ նրա, խորհրդարանում ներկա երկու ընդդիմադիր ուժերը ցանկանում են առանձնանալ միմյանցից, և դա արվելու է ընտրությունների ֆոնին․ «Պարզ է եղել միշտ, որ իրենց մեջ չկա ինստիտուցիոնալ դաշինք, եղել է ընդամենը խորհրդարանական ընդդիմության գործիքակազմ, և այդ գործիքակազմը համադրված կերպով օգտագործել են, սակայն երկու ուժերն էլ ունեն թե՛ գաղափարական, թե՛ աշխարհաքաղաքական մոտեցումների տարբերություններ։ Դա նորություն չէ. «Հայաստան» դաշինքի հիմքում հայ դատն է, դաշնակցական գաղափարախոսությունը, Ռոբերտ Քոչարյանի ջատագովն են, երկրորդ ուժը Սերժ Սարգսյանի կառավարման ջատագովն է, «Հանրապետական»-ի գաղափարախոսության»։

Արտաշես Խալաթյանը նկատում է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ընտրություններից ընդառաջ դառնալու են մրցակիցներ, պայքարելու միմյանց դեմ։

«Այս երկու քաղաքական ուժերը տարբեր են, եթե զտենք, ընդհանուր առմամբ այս ուժերին միացած որոշ մանր քաղաքական խմբերին, ապա ունենք Դաշնակցության և Հանրապետական կուսակցության դեմքով ընդդիմադիր ուժեր խորհրդարանում, որոնք էլ ունեն ընդգծված գաղափարական տարբերություններ։ Դաշնակցությունը միշտ էլ եղել է ռադիկալ ու կատաղի դիմադրություն ցույց տվել Սերժ Սարգսյանի իշխանությանը։ Հիմա ընդդիմադիրները լուրջ մարտահրավերներ ունեն խորհրդարանում ներկայացուցչություն ունենալու առումով։ Ապագայում ավելի տեսանելի կլինի, որ իրենք նույն գաղափարական հովանոցի տակ չեն»,- ասում է նա։

Անդրադառնալով Մամիջանյանի այն հայտարարությանը, թե յուրաքանչյուր մարդ, քաղաքական գործիչ, որը հետաքրքրված է իշխանության հեռացմամբ, այդ հարցերը քննարկելու այլ արդյունավետ հարթակներ ունի՝ Խալաթյանը կարծում է, որ արդյունավետ հարթակ ասելով՝ ընդդիմադիր ներկայացուցիչը նկատի ունի նաև Ռուսաստանին։

«Ռուսամետությունը ևս կարող ենք այդ հայտարարության տակ հաշվի առնել։ Տեսնում ենք, որ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում արտաքին ազդեցությունը էապես մեծանում է, օրինակ՝ հարևան Վրաստանը դարձել է միմյանց դեմ պայքարով քաղաքական ուժերի թատերաբեմ։ Մեր երկիրը նույնպես ապահովագրված չէ նման սցենարից, սակայն դա պետք է կանխվի իշխանության վարած քաղաքականության միջոցով»,- եզրափակում է նա։

Կիսվել սոց․ ցանցերում