Վարազդատ Հարոյանը՝ Աշխարհի առաջնության որակավորման փուլի վիճակահանության մասին

Դեկտեմբերի 13-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է F խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ազգերի լիգայի 24/25 թվականի խաղարկության Ա լիգայի փլեյ-օֆֆ փուլի Պորտուգալիա-Դանիա զույգի հաղթողը, ինչպես նաև Հունգարիայի և Իռլանդիայի ընտրանիները:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը ՀՖՖ-ի հետ զրույցում մեկնաբանել է վիճակահանության արդյունքները:

«Բավականին հետաքրքիր վիճակահանություն է: Պորտուգալիան և Դանիան շատ ուժեղ հավաքականներ ունեն: Մեծ տարբերություն չկա, թե նրանցից որը կլինի մեր մրցակիցը: Իռլանդիայի հավաքականին շատ լավ ծանոթ ենք, քանի որ վերջերս ենք խաղացել նրանց հետ, իսկ Հունգարիան խաղաոճով և կարգով շատ մոտ է Իռլանդիայի հավաքականին: Պետք է լավ պատրաստվենք և ամեն ինչ անենք՝ հնարավորինս հաջող հանդես գալու համար»,- ասել է նա:

Կիսվել սոց․ ցանցերում