Ի՞նչ է ուզում Անդրանիկ Միհրանյանը Հայաստանից եւ հայ ժողովրդից

Երեկ հայկական լրատվական կայքերի «թոփ » լուրը ծագումով հայ, ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի` Հայաստան մուտքը արգելելու մասին էր: Առաջին անգամը չէ, որ Միհրանյանը գալիս է Հայաստան եւ առաջին անգամը չէ, որ նրա մուտքը արգելելուց հետո աղմուկ-աղաղակ են բարձրացնում քաղաքական եւ լրատվական հայտնի շրջանակները:
Թե ինչ առաքելությամբ է հատկապես արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստան եկել-գնացել Անդրանիկ Միհրանյանը, ինչ խնդիրներ է փորձել լուծել, բավական է միայն փնտրել ու գտնել այն տեսանյութերը, հարցազրույցները, որոնցում նա ակնհայտ քամահրանքով, պիտակավորումներով է արտահայտվում Հայաստանի ներկա իշխանությունների, հայ ժողովրդի մասին եւ ակնածանքով խոսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին:
Պատերազմից հետո, 2021թ. ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ, Միհրանյանը մամուլի ակումբներից մեկում փորձում էր իր քաղաքագիտական բարձունքներից հայ ժողովրդին համոզել, որ Փաշինյանի միակ հակաուժը Քոչարյանն է, հետո նշում էր, որ ժողովրդի համար նվաստացուցիչ է, եթե նրա ղեկավարը աննորմալ է եւ անկառավարելի:
Կայքերից մեկին տված հարցազրույցում (18.11.2021) լրագրողի հարցին, թե ՌԴ-ն ՀՀ-ի անվտանգային համակարգի միակ երաշխավորն է եւ ռազմավարական գործընկերը, արդյո?ք չի դավաճանել մեզ, Միհրանյանն արձագանքում է. «Այ քեզ բան, դուք աննորմալ եք․ եթե մի ազգ իրեն չի պաշտպանում, ինչի՞ պետք է գա ուրիշը պաշտպանի։ Մենք լսում ենք, չէ՞, ծնողներն ասում են. «Մեր էրեխեքը թող չգնան Ղարաբաղ, մեր էրեխեքը չգնան պատերազմ»։ Չէի՞նք ուզում պատերազմ` դե հիմա ստացեք հա՛մ պատերազմը, հա՛մ նվաստացումը։ Ո՞վ էր մեղավոր»:
Իսկ երբ լրագրողը նկատում է, որ խոսքը Հայաստանի սուվերեն տարածքի մասին է, նույն Միհրանյանը պատասխանում է. «Դա ոչ մի կապ չունի ոչ էդ սուվերեն տարածքի հետ։ Եթե դու քո սուվերեն տարածքում անգամ քեզ չես պաշտպանում, բոլորը թքած ունեն քո վրա։ Եթե կկանգնես, կկռվես, քեզ կպաշտպանեն ու կհարգեն։ Եթե դա չես անում, ուրեմն զիբիլանոց ես, ուրեմն իրավունք չունես պետություն ունենալու»:
Հիշեցնենք նաեւ, որ 2022թ. հոկտեմբերի վերջին էլ նման մի աղմուկ բարձրացավ, երբ հայտնի դարձավ, որ Անդրանիկ Միհրանյանի, «Ռոսիա սեգոդնյա», «Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, նրա ամուսնու` Տիգրան Քեոսայանի մուտքը ՀՀ արգելվել է: Նրանք, ինչպես եւ` ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, հայտնվել են ՀՀ-ում անցանկալի անձանց «սեւ ցուցակ»-ում: Միհրանյանը Հայաստան պետք է գար` Լազարեւյան ակումբի նիստին մասնակցելու:
Լրագրողի հարցին, թե ինչու է նրա մուտքն արգելվել ՀՀ, ռուսաստանցի քաղաքագետը պատասխանել էր. «Ձեր դեբիլներին հարցրեք, այն դեգեներատներին, որոնք ընդունում են այդ որոշումները»:
Մնում է, որ ընթերցողն ինքը հետեւություններ անի, թե ծագումով հայ, ռուսաստանցի քաղաքագիտական շրջանակները ինչպես են հարաբերվում հայ ժողովրդի եւ նրա ընտրած իշխանությունների հետ, ինչ շահեր ու նպատակներ են հետապնդում իրենց այցերով եւ ազգային անվտանգության ինչպիսի սպառնալիք են ներկայացնում: Հետեւություններ անի նաեւ այն ԶԼՄ-ների մասին, որոնք հաճույքով նրանց եթեր եւ էջեր են տրամադրում` սեփական երկրի եւ ժողովրդի հասցեին ռուսաստանցի քաղաքագետի վիրավորանքներն ու ծաղրը տիրաժավորելու համար:

Թագուհի Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում