Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը կարծում է, որ բոլոր այն անձինք, մասնավորապես՝ ազգությամբ հայերը, որոնք բնակվում են այլ երկրներում, հիմնականում՝ Ռուսաստանում և ծառայում են այդ երկրների կամ երկրի շահերին, նրանց մուտքը Հայաստանի Հանրապետություն պետք է արգելվի, վերջիններս անցանկալի անձ համարվեն հայրենիքում:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ռուսաստանաբնակ քաղաքագետ, ազգությամբ հայ Անդրանիկ Միհրանյանի հետ կապված միջադեպին, ըստ որի՝ «Զվարթնոց» օդանավակայանում նրան թույլ չեն տվել մտնել երկիր. վերջինիս մուտքը ՀՀ արգելված է:
«ՌԴ իշխանությունների կամ հատուկ ծառայությունների «տակ պառկած» Անդրանիկ ՄիԳրանյանը և էլի «յան» ազգանունով՝ հատուկ ծառայությունների տակ ծվարած մի խումբ «հայրենակիցների»՝ ՀՀ մուտքի արգելքը ինչ-որ առումով անգամ ուշացած քայլ է: Նմանատիպ դրսևորում պետք է ցուցաբերվի բոլոր նրանց նկատմամբ՝ անկախ նրանից՝ ՌԴ կարմիր անձնագրի հետ նաև ունեն ՀՀ անձնագիր, թե ոչ»,- ասում է Մկրտչյանը:
Վերջինս ընդգծում է, որ պետք է շնորհակալ լինել ՀՀ ուժային մարմիններին, Կառավարությանը և հուսալ, որ սա կլինի շարունակական:
«Այս մարդը բազմիցս ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը և սուվերենությունը տորպեդահարող հայտարարություններ է արել ՌԴ-ից՝ լրատվական կայքերի ու ծառայությունների տաղավարներից և ողջախոհ արձագանքի արժանացել, վայնասունն էլ անիմաստ է: Միգրանյանը իր որդիների հետ որտե՞ղ է հիմա. հերիք չէ՞ ՌԴ-ից վայրահաչել և անընդհատ մեղադրանքների տարափ հնչեցնել: Նա ո՞վ է ընդհանրապես, ամեն «յան» ազգանուն կրող չէ, որ հայ է, ամեն «յան» ազգանուն կրող չէ, որ ՀՀ շահերն է հետապնդում: Գարշելի անձնավորություն է նա ինձ համար»,- շեշտում է Մկրտչյանը:
Զրուցակիցը պնդում է, որ ՀՀ հատուկ ծառայությունները պետք է չափից ավելի ուշադիր լինեն այն զանգվածի հանդեպ, որոնք «վայնասուն» են բարձրացրել վերջինիս մուտքը ՀՀ արգելելու առթիվ. «Ստրուկանման կենդանիները, որոնք ծվարել են ՌԴ-ում՝ հատուկ ծառայությունների փեշերի տակ, դրանցից մեկը Անդրանիկ ՄիԳրանյանն է, մյուսը՝ Արա Աբրահամյանը, ու այսպես կարելի է անվերջ շարունակել: Թող ոռնան, մի փոքր էլ կոռնան ու կհանգստանան: Կշիռ պետք չի հաղորդել դրան»:
