Ես շատ խիստ գնահատականներ չեմ տա Բաքվում ընթացող դատավարության ժամանակ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «տված ցուցմունքներին»․ Թշնամու բանտում, այն էլ այդպիսի, ինչ ցուցմունք ասես կարելի է կորզել՝ ընդհուպ Ջոն Քենեդու սպանության համար մեղքը վերցնելու առումով։
Բայց մի բան չասել չեմ կարող․ երբ մարդը իր ուսերին գցում ու վերցնում է երկրի /թեկուզև չճանաչված/ գերագույն գլխավոր հրամանատարի, պաշտպանության բանակի հրամանատարի կամ ազատագրական պատերազմի առաջնորդի թիկնոցը, պետք է պատրաստ լինի ինքնազոհողության՝ եթե նժարի մյուս կողմում խայտառակվելն է ու հայրենիքի դեմ ցուցմունք տալը։
Վերջապես ավելի պարզ դարձավ, թե ինչու ռուսները հեռահար հաշվարկով 3 տարի անց ալիևին հանձնեցին այն մարդկանց, ովքեր մեղմ է ասել, թե լոյալ են եղել Ռուսաստանի ու Կրեմլի նկատմամբ․ բան չկա, որ նրանք Ռուսաստանի շահերի դեմ արած լինեն։ Պարզապես Կրեմլում նրանց ալիևին վաճառելու որոշման պատճառն ու գլխավոր շարժառիթը Հայաստանի համառությունն էր «Զանգեզուրի միջանցքը» ռուսներին հանձնելու հարցում։ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը քաջալերելով ու մերձսահմանային գոտիների օկուպացիայի բոլոր պայմանները ստեղծելով չստացվեց ազդել Հայաստանի որոշումների վրա։ 5-րդ շարասյան միջոցով իշխանությունը տապալելը կամ դրա մեծագույն վտանգ ստեղծելը ձախողվեց ու դա անելուն պատրաստ անփառունակ օբյեկտները չեկան իշխանության։ Արցախը էթնիկ զտման ենթարկելով չկարողացան Հայաստանին ծնկի բերել ու արցախահայությանն էլ չստացվեց օգտագործել Հայաստանի դեմ։ Մնացել էր մեկ լուծում՝ ալիևին հանձնել Արցախի ղեկավարությանը Հայաստանի դեմ ցուցմունքներ կորզելու ու դրանք օգտագործելու համար․․․․ Հուսամ, դա էլ չի ստացվելու․․․
Հենց սա պետք է արագ հասկացած լինեին այդ մարդիկ ու հույսը չդնեին ռուսների կողմից «ապահովագրվելու» վրա․ ՀՀ վարչապետը Ադրբեջանի ագրեսիայից անմիջապես հետո ու մինչև հայության էթնիկ զտումը իր ելույթներից մեկում շատ շիտակ նրանց ու բոլորին «հուշել» էր հետապնդվող նպատակի մասին՝ Արցախի ողբերգության հարուցմամբ հասնել Հայաստանի կործանմանը։ Ու Արցախում մնացած ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է հեռատես լիներ հասկանալու համար, որ Հայաստանի դեմ օգտագործվելու առումով վերջին ակտիվը իրենք են մնացել, ու իրենց ոչ մեկ ազատ չի արձակելու, հետևաբար պետք է Երևանի հետ շարունակեին քննարկել Հայաստան գալու տարբերակները, եթե անգամ մերժել էին Երևանից արված մի հնարավորությունը․․․
Այս ամենով հանդերձ՝ ուզում եմ, որ բոլոր ռազմագերիները՝ ներառյալ Արցախի ղեկավար կազմից, վերադառնան Հայաստան․ նրանց հետ շատ զրույցներ են հասունացած ու շատ անպատասխան հարցեր կան։ Առնվազն դրանց պետք է պատասխանեն․․․ Մարդկայնորեն խղճում եմ սեփական կյանքի համար վախենալու և անհեռատես հաշվարկներ անելու համար, չեմ կարող նրանց կյանքը հավասարեցնել կամ վեր դասել երկրի շահերից, քանի որ իրենք են ընտրել բարձր պատասխանատվությունը, սակայն ուզում եմ, որ հասնեն իրենց ընտանիքներին։
Այսքանը։
