«Ընտանիք և համայնք» ԲՀԿ հրավիրում է մասնակցելու Հայաստանում նկարաձայնային առաջին ցուցահանդեսին։ «Իրական պատմություններ․խոսում են նկարները» խորագիրը կրող նկարաձայնային ցուցահանդեսը կմեկնարկի ս․թ․սեպտեմբերի 15-ին ՝ժամը 16։00-ին և կավարտվի սեպտեմբերի 16-ին՝ 16։00-ին։ Ցուցահանդեսի բացմանը հրավիրված են ներկացուցիչեր ՀՀ ԱՍՀՆ-ից, ԿԳՄՍՆ-ից, ՄԻՊ-ից, միջազգային և տեղական հասարակական, պետական կազմակերպություններից։ Սա երեխաների սոցիալական հիմնախնդիրների մասին խոսելու բոլորովին նոր ձևաչափ է, որն իրենից ենթադրում է իրազեկման հարթակ՝ սոցիալական «շոշափելի» խնդիրների մասին նկարներով ցուցադրելու, ինչպես նաև դրանց մասին խոսելու միջոցով (այստեղից էլ նաև ձայնի բաղադրիչը)։ «Իրական պատմություններ․ խոսում են նկարները» նկարաձայնային ցուցահանդեսին կարող եք գտնել ավելի քան 20 նկար, որոնցից յուրաքանչյուրում երեխան պատմում է իր սոցիալական հիմնախնդիրը կամ դրա լուծման հնարավոր ուղիները։ Նկարները, բնականաբար, անանուն են։ Նկարները ցուցադրված են մոլբերտների վրա, իսկ յուրաքանչյուր նկարի ներքևում կարող եք գտնել նկարի հեղինակ երեխայի պատմությունը, նրա էմոցիաների նկարագրությունը, տարբեր սոցիալական խնդիրների հետ նրա բախումը։ Յուրաքանչյուր նկար ներկայացնում է մասնագետը, ումից կարող եք իմանալ մանրամասներ մեր ծառայությունների առանձնահատկությունների և դրանց շեշտադրումների մասին։ Որոշ երեխաների պարագայում նկարները ներկայացված են «մինչ մեր ծառայությունների տրամադրումը», և «մեր ծառայությունները ստանալուց հետո», որպեսզի ակնհայտ դառնա, թե որքան կարևոր են սոցիալական ծառայությունները երեխաների կյանքում և որքան հոյակապ են արդյունքները, երբ այդ ծառայությունները համադրվում են արտթերապիայի և մշակութային կրթության հետ։ Ցուցահանդեսը կկայանա ք․ Երևանում՝ Սիրահարների այգում` ամֆիթատրոնի շրջակայքում։ Ցուցահանդես ընթացքում «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատրոնը հանդես կգա նաև «Շունն ու կատուն» ներկայացմամբ (սեպտեմբերի 15-ին՝ ժամը 17։00-ին, իսկ հաջորդ օրը՝ ժամը 13։00-ին)։ «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպությունը 20 տարուց ավելի է՝ բազմամասնագիտական ծառայություններ է տրամադրում երեխաներին և նրանց ընտանիքներին։ Մեր ծառայություններն ընդգրկում են ոչ միայն մանկական աղքատության պայմաններում ապրող երեխաների հետ աշխատանքը, այլև, առհասարակ, տարատեսակ այլ ռիսկերի, ինչպիսիք են՝ բռնությունը, անտեսումը, պատերազմների և տեղահանության ազդեցությունը։ Մենք աշխատում ենք Արմավիրի մարզի Արմավիր և Մեծամոր համայնքներում, Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան համայնքներում, ինչպես նաև Շիրակի մարզի Արթիկ համայնքում։
Հայաստանում կանցկացվի նկարաձայնային առաջին ցուցահանդեսը
