Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ 5.78 տոկոսի փոխարեն այլ արդյունք կունենայինք. Տիգրան Ավինյան

Կարևոր է լսել, թե այսօր երևանցիներն ինչ են ասում, և արձանագրել այն արդյունքները, որ երևանցիներն իրենց ընտրություններով կարձանագրեն: Այդ մասին Կենտրոն վարչական շրջանի 9/53 տեղամասում ընտրությունից հետո լրագորղների հետ զրույցում ասաց Տիգրան Ավինյանը:

Նա ընտրությունների կազմակերպման մասով շատ մեղադրանքներ անհիմն համարեց:

«Անընդհատ խոսում ենք վարչական ռեսուրսի կիրառումից: Ժողովո՛ւրդ ջան, եկեք 2017 թվականի ընտրությունների մասնակցության արդյունքները նայենք և այս տարվա մասնակցության արդյունքները նայենք: Եթե մենք իրականում վարչական ռեսուրս կիրառենք, ձեր կարծիքով՝ ժամը 11:00-ի դրությամբ մենք 5,78 տոկոսի փոխարեն 12 տոկոս չէինք ունենա՞: Իհարկե, կունենայինք: Բայց այդ ժամանակները շատ վաղուց անցել են»,- ասաց Ավինյանը:

Թեկնածուն նաև նշեց, որ որոշ հասցեներում տարբեր մարդկանց գրանցման համար իրենց քաղաքակն ուժին մեղադրելն անտրամաբանական է:

«Կարծում եմ՝ ընտրությունների վերջում կկարողանաք գնալ, տեսնել, թե այդ մարդկանց քանի տոկոսն է գնացել ընտրության։ Իմ տեղեկատվությամբ՝ ինչ-որ ավտոմեքենայի առք ու վաճառքով զբաղվող խումբ է եղել մեծ, և մարդ է եղել, որ գրանցել է իրենց»,- ասաց Ավինյանը՝ չբացառելով, որ կարող են լինել անճշտություններ, բայց ընտրությունների ավարտից հետո հնարավոր է ճշտել՝ այդ մարդիկ գնացե՞լ են ընտրության, թե՞ չեն գնացել:

Կիսվել սոց․ ցանցերում