Եթե վաղը Սդրբեջшնը, Արցшխը և ռпւսшկшն կողմը նույնիսկ որևէ պայմանավորվածության հասնեն, ապա ՄԱԿ-ը կարող է առնվազն դիրքորոշում հայտնել և բանաձև ընդունել, որը կկաշկանդի Սդրբեջшնի հետագա հшկшհայ գործողությունները. Հովսեփ Խուրշուդյան

Երբեք պետք չի հաշտվել մտքի հետ, որ մենք կորցրել ենք Արցախը, և քանի դեռ չնչին շանսեր կան, դրանք պետք է փորձել իրականացնել, ասում է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ, վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը. «Այդ շանսերը կապված են թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ և թե միջնաժամկետ կամ երկարաժամկետ  ռազմավարական պլանի հետ։ Այսինքն՝ եթե հաջողվում է թեկուզ այս վիճակով Արցախում հայկական ներկայություն ապահովել, ապա միջնաժամկետ կտրվածքով պետք է կարողանանք ապահովել նաև անվտանգության երաշխիքները»։

Ըստ Խուրշուդյանի՝ եթե նույնիսկ վաղը Ադրբեջանը, Արցախը և ռուսական կողմը որևէ պայմանավորվածության հասնեն, ապա ՄԱԿ-ը կարող է առնվազն դիրքորոշում հայտնել և բանաձև ընդունել, որը կկաշկանդի Ադրբեջանի հետագա հակահայ գործողությունները՝ անկախ նրանից, թե Ադրբեջանը որտեղ և ում հետ ինչ է քննարկում. «Քանի որ Արցախում ապրում են ՀՀ քաղաքացիներ, ապա Հայաստանը պետք է ՄԱԿ-ում բարձրացնի ԼՂ-ում միջազգային խաղաղապահներ տեղակայելու հարցը, մանավանդ որ ինքը եռակողմ  համաձայնագրի անդամ է. խոսքը նոյեմբերի 9-ի հայտարարության մասին է, որը չի չեղարկվել։  ՀՀ-ն, ինչպես և Ադրբեջանը իրավունք ունեն խաղաղապահների տեղակայման ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ հայտնել, որ իրենք դեմ են ռուս  խաղաղապահների գործունեության շարունակմանը։

Կարծում եմ՝ Հայաստանը պետք է դա նախաձեռնի և կոչ անի ՄԱԿ-ին բանաձևով ապահովել ռուս խաղաղապահների փոխարինումը միջազգային խաղաղապահներով։ Պետք է հիմիկվանից պատրաստվել այդ գործընթացին,  Հայաստանը այդ քայլով էապես կփոխի տարածաշրջանում տարբեր ուժերի տեղաբաշխումը և հնարավորություն կստեղծի ճնշում գործադրելու ՌԴ-ի և Ադրբեջանի վրա՝ հայկական ներկայության ապահովման երաշխավորման հարցով»։

Ըստ Խուրշուդյանի՝ Արցախի ժողովուրդը  նման պայմաններով չի կարող ինտեգրվել Ադրբեջանին. «Եթե Ադրբեջանը  ինտեգրման հարցով պետք է պարտադրի՝ կոտրելով Արցախի ժողովրդի կամքը և  նվաստացնելով  ժողովրդի արժանապատվությունը, ինչպես անում է ռուս-ադրբեջանական ալյանսը հիմա, ապա մեծ հավանականությամբ արցախահայությունը չի կարողանա ինտեգրվել  ադրբեջանական այսօրվա դիկտատուրական համակարգին, ինչպես որ չեն կարողանում ինտեգրվել Ադրբեջանի շատ թե քիչ ազատ մտածող քաղաքացիները։ Եթե Ալիևի  դիկտատուրան  իր ժողովրդի մի մասի հետ այդպես է վարվում, ապա պարզ է, թե հայերի նկատմամբ ինչ վերաբերմունք պետք է ունենա։ Միայն միջազգային խաղաղապահներն են, որ կարող են ինչ-որ չափով ապահովել արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը»։

Կիսվել սոց․ ցանցերում